«Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Սա մեր պատիվն է, մեզ վրա լուրջ պատասխանատվություն կա այս շարժման սկիզբը դուխով, ոգևորված քանակով ու ոգով սկսելու: Հայաստանում սկսում է մի նոր շարժում, երբեք նմանատիպը չի եղել, միացել են երեք քաղաքական ուժեր, երեք խմբակցություններ, որոնք ունեն նաև տարբեր մոտեցումներ, բայց մի հարցում միասնական են՝ փրկե՛լ Հայաստանը:
Մեր խնդիրն է կանգնեցնել այն ահավոր ընթացքը, որի մեջ գտնվում է Հայաստանը: Շատ լուրջ է Հայաստանի վիճակը, եթե հանկարծ մեր շարժումը երկար տևի՝ մեկ տարի, կամ երկու տարի՝ շարժումն ընդհանրապես չի լինի: Մեր խնդիրն է ոչ միայն շատ մարդ հավաքել, խնդիրը բացատրել, շարժում սկսել, այլ՝ դա անել շատ արագ, դանդաղելը իշխանություններին ձեռնտու է, դանդաղելը արյունաքամ է անում Հայաստանը:
Հայաստանը սպառվում է՝ առանց չափազանցության, հայաստանցիները արտագաղթում են, Հայաստանի բնակչության մեջ չկա որևէ մարդ, ով դժգոհ չլինի այս վիճակից, չկա որևէ մարդ, ով չզգա փոփոխության անհրաժեշտությունը»,- իր ելույթում ասաց Արամ Մանուկյանը:
Պատգամավորի խոսքով՝ կա արժանապատվության և կլանի խնդիր, և ինքը կարծում է, որ այսօրվա «ստարտ»-ով հաղթելու է հայի հավաքական արժանապատվությունը: