Բրիտանացի դիզայներ եւ Spice Girls փոփ-խմբի նախկին մասնակից Վիկտորյա Բեքհեմը նշանակվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գծով միավորված ծրագրի բարի կամքի դեսպան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Բեքհեմի խոսքով՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարով ինքը որոշել է զբաղվել այն բանից հետո, երբ այս տարվա փետրվարին այցելեց Քեյփթաուն:
«Միայն քառասուն տարեկանին մոտ ես հասկացա, որ, որպես կին ու մայր, որոշակի պատասխանատվություն ունեմ»,- հայտարարել է դիզայները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Նյու Յորքում ընթացող 69-րդ նստաշրջանում:
Ինչպես նշել է համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը, Բեքհեմը կօգնի ՄԱԿ-ին վերջ դնել ՄԻԱՎ վարակով երեխաների ծնվելու դեպքերին եւ անհրաժեշտ դեղորայքով ու խնամքով ապահովել ՄԻԱՎ-վարակակիր կանանց:
ՄԱԿ-ի տվյալներով՝ առավել մեծ թվով ՄԻԱՎ-վարակակիրներ՝ 24,7 մլն մարդ, ապրում են Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրներում: Ընդ որում նրանց 58 տոկոսը կանայք են: ՄԱԿ-ը խնդիր է դրել ՄԻԱՎ-ը լիովին հաղթահարել մինչեւ 2030 թվականը:
Օգոստոսին Բեքհեմը բարեգործական ինտերնետ-աճուրդի էր հանել իր շուրջ 600 հանդերձներ՝ աֆրիկյան երկրներում ՄԻԱՎ-ով վարակված մայրերի համար գումար հավաքելու նպատակով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: