ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը շարունակելու է դրամաշնորհային ծրագրերի իրականացումը ՀՀ-ում գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացման համար: Այս մասին «Հայ-ամերիկյան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում» խորագրով աշխատաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ զարգացման գործակալության ղեկավար Քարեն Հիլիարդը:

 

«ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն արդեն հայտարարել է, որ շարունակելու է դրամական աջակցություն ցուցաբերել մի շարք դրամաշնորհային ծրագրերի միջոցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Հիլիարդը:

 

Նա առանձնացրեց հատկապես անասնաբուժական ծառայությունների ընդլայնման ու զարգացման համար և Թուրքիայի հետ Հայաստանի միջսահմանային առևտրի իրականացմանը նպաստող ծրագրի կատարման համար տրվելիք դրամաշնորհները:

 

Նրա խոսքով' Հայաստանի կառավարության հետ իրենց համագործակցությունը հաջող է ընթանում, բայց անելիքներ դեռ շատ կան: «Մենք շարունակելու ենք աշխատել շատ ավելի մեծ քանակությամբ ընկերությունների հետ, որ կարողանանք ամերիկյան հարկատուների կողմից տրամադրված միջոցներն ավելի նպատակային օգտագործել»,- ավելացրեց Քարեն Հիլիարդը: