Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են կանաչ տարածքների խնամքի աշխատանքները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնարարվել է ըստ վարչական շրջանների առաջարկներ ներկայացնել 2015 թվականին հնարավոր նոր վայրերում այգի-պուրակների հիմնման, ինչպես նաև նախկինում ստեղծված տարածքների վերականգնման ուղղությամբ:

 

«Վարչական շրջաններում կան տարածքներ, որոնք թեև նախկինում ստեղծվել և ծառայել են որպես այգիներ ու հանգստի անկյուններ, այսօր չեն օգտագործվում իրենց նպատակային նշանակությամբ: Շատ դեպքերում դրանք անգամ աղբավայրի են վերածվել:

 

Պետք է տեղում մանրամասն ուսումնասիրենք, գույքագրենք և համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ, փորձենք վերականգնել այդ տարածքներն ու հանձնենք մեր բնակիչներին: Բացի այդ, առաջարկներ ներկայացրեք նաև հանգստի նոր գոտիների ստեղծման ուղղությամբ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: