Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը համարում է, որ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի նվազումը պարտադիր չի, որ հանգեցնի Հայաստանի տնտեսական աճի միտումների նվազմանը:

 

Այս մասին սեպտեմբերի 30-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց նա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները ինչպես են ազդում Հայաստանի տնտեսության վրա, Հորթոնը նշեց. «Ըստ իս' պատժամիջոցների ազդեցությունն արդեն նկատելի է Ռուսաստանի տնտեսության վրա:

 

Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները զարգացումների առումով շատ նման են, եթե գրաֆիկ գծենք ու կորերն ստանանք, դինամիկան շատ նման կլինի իրար: Բայց հարկ է նշել, որ վերջին մեկ-երկու տարիներին Ռուսաստանի տնտեսական աճի տեմպը դանդաղում էր, բայց դեպի Հայաստան ուղղվող դրամական փոխանցումներն աճում էին: Այս տարի Հայաստան եկող դրամական փոխանցումները նախ սկսել են մնալ անփոփոխ, հետո' նվազել»:

 

Նրա խոսքով' Հայաստանը մոտ 300 միլիոն դոլարի ապրանք է արտահանում Ռուսաստան, և եթե փորձի անգամ տասնապատկել իր ներկայությունը ռուսական շուկայում, միևնույն է Հայաստանի մասնաբաժինը այդ շուկայում շատ փոքր է լինելու: «Այդ պատճառով էլ, երբ ռուսական տնտեսության աճի տեմպը դանդաղում է, դա չի նշանակում, որ դա ինքնաբերաբար պետք է բացասաբար ազդի հայկական տնտեսության վրա, հատկապես, եթե հայկական տնտեսությունը կարողանա ավելի խորը ներթափանցել նրանց շուկա, սակայն, դա էլ բարդ է, քանի որ այնտեղի գործարար միջավայրն ավելի դժվար է, քան Հայաստանինը»,- հավելեց Հորթոնը:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են մտցրել մի շարք ռուս և ուկրաինացի գործիչների և կազմակերպությունների դեմ, ովքեր, ըստ վերը նշված երկրների, մեղավոր են Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման մեջ։

 

Եվրամիությունն արգելել է պարտային ֆինանսավորման կազմակերպումը Ռուսաստանի վառելիքաէներգետիկական երեք ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի, «Տրանսնեֆտ»-ի, «Գազպրոմնեֆտ»-ի համար, ինչպես նաև ռուսական երեք խոշորագույն պաշտպանական կոնցեռնների՝ «Ուրալվագոնզավոդ»-ի, «Օբորոնպրոմ»-ի եւ Միավորված ավիաշինական կորպորացիայի համար: