ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի եւ Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Յուրիս Պոիկանսի հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Լատվիայի հետ համագործակցությունը եւ երկկողմ ձեւաչափով, եւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում: Նա շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը եւ ընդգծել, որ Լատվիան այդ հարցում կարող է արդյունավետ կամուրջ լինել:

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նմուշների ցուցադրության կազմակերպումը Լատվիայում, ինչը հնարավորություն կտա լատվիացի հանրությանը ավելի լավ ծանոթանալու հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը:

 

Հյուրերը նշել են, որ չնայած Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում է կայացրել, այնուամենայնիվ իրենց նպատակն է Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ հետագա համագործակցության եզրեր գտնել:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Լատվիայում առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: