Լեռնային Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները շատ կարևոր տեղեկությունների տիրապետող անձնավորություններ են, և Ադրբեջանի նպատակն էր փոխանակման միջոցով նրանց հետ տանել:

 

Այս մասին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը նշեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ պատասխանելով դասախոսներից մեկի' ադրբեջանական կողմի վերջին ակտիվության և դիվերսիոն փորձերի պատճառների մասին հարցին: «Ադրբեջանցիները նրանց ձերբակալումից հետո մի քանի ուղղություններով սրեցին իրավիճակը, նաև դիվերսիոն գործողություններ ձեռնարկեցին:

 

Նրանց նպատակն էր մեր կողմից գերիներ տանել, որպեսզի հետո իրենց դիվերսանտների հետ փոխանակում պահանջեին: Նրանց դա չհաջողվեց, այլ իրենք, կրելով կորուստներ, հետ են շպրտվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Արա Հարությունյանը:

 

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներին՝ Արա Հարությունյանը նշեց, որ Ստեփանակերտը կողմնակից է, որպեսզի դիպուկահարները հեռացվեն շփման գծից և զոհերը քիչ լինեն:

 

«Սակայն Ադրբեջանը մշտապես մերժում է դիպուկահարներին հետ քաշելու առաջարկները, և նրանց գործողությունների արդյունքում մենք կորուստներ ենք ունենում, ուստի, մենք էլ ստիպված ենք լինում պատասխան տալ, և շատ հաճախ մեր պատասխանն ավելի ուժեղ է լինում»,- ընդգծեց Հարությունյանը:

 

ԼՂՀ վարչապետը նշեց, որ իրենք արժանի պատասխան են տվել ադրբեջանական կողմի վերջին դիվերսիաներին, որոնց արդյունքում հակառակորդը 11 զոհ է տվել: «Նրանք թաքցրել էին իրենց զոհերի քանակը: Եվ մի գիշերվա մեջ Պաշտպանության բանակի զինծառայողները կարողացան գծի տարբեր հատվածներում պատասխան գործողություններ իրականացնել և հակառակորդին արժանի պատասխան տալ:

 

Այսինքն' Պաշտպանության բանակը պետք է հակառակորդին լռեցնելու համար պատասխան քայլեր ձեռնարկի և ցանկացած կորստի պատասխանի գործողություններով, որոնց արդյունքում հակառակորդի կորուստներն ավելի շատ կլինեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հասկացավ, որ իր գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ պատերազմի, ինչին իրենք պատրաստ չեն, և հանգստացավ: ԼՂՀ վարչապետի խոսքով՝ իրավիճակի հանդարտեցմանը նպաստեց նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումը:

 

Արա Հարությունյանը կարծում է, որ շփման գծում լարվածություն ստեղծելու ադրբեջանական կողմի քայլերը կապված են այն բանի հետ, որ Ադրբեջանը ցանկանում է նման կերպ հասնել հարցի շուտափույթ լուծմանը: «Նրանք այդ եղանակով փորձում են մեզ ստիպել, որպեսզի մենք որքան հնարավոր է շուտ համաձայնենք իրենց առաջարկած տարբերակներին, սակայն դա լինել չի կարող»,- նշեց նա: