ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ ծառայությանը պիտանի լինելու դեպքում Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի այն ՀՀ զինված ուժերում: «Նախևառաջ շատ ուրախալի է, և ես հպարտ եմ, որ մեր զինծառայողը, երկար ժամանակ լինելով գերության մեջ, վերադարձել և ցանկություն է հայտնել ծառայել: Ինչ վերաբերում է նրա առողջությանը, պետք է հետազոտենք. եթե նրա առողջությունը չի համապատասխանում ծառայությանը, պիտանի չէ, ապա չի ծառայի: Միևնույն ժամանակ էլ, ծառայության դեպքում մենք անպայման կապահովենք համապատասխան նորմալ պայմաններ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Սեյրան Օհանյանը:

 

Նրա խոսքով' իրենք աշխատանք պետք է տանեն մարդու իրավունքների տեսանկյունից' ադրբեջանական գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանի հետ կատարվածը վերլուծելու և դրա վերաբերյալ միջազգային գնահատական ստանալու համար: «Մարդու իրավունքների խախտումներ են տեղի ունեցել, դրանց պետք է գնահատական տալ' նաև միջազգային ասպարեզում, որ Ադրբեջանում հասկանան' ինչպես վարվել գերիների հետ»,- շեշտեց նախարարը:

 

Հակոբ Ինջիղուլյանը հոկտեմբերի 3-ին բժշական զննություն է անցնել, նրա մոտ գրանցվել է սթրեսային վիճակ' չափավոր վեգետատիվ անոթային դիստոնիայով: Ինջիղուլյանին հետածոտած բժշկի կարծիքով' ցանկալի չէ, որ Հակոբ Ինջիղուլյանը շարունակի ծառայությունը:

 

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է Հայաստան: Նրան օդանավայակում դիմավորել են հարազատներն ու մարդկանց հոծ բազմություն: Հակոբ Ինջիղուլյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանում իր նկատմամբ բռնություններ են կիրառել: Նրան անընդհատ ծեծել են և հայհոյել: Նրան ցուցումներ են տվել, թե ինչ խոսի, երբ նրան նկարահանեն, նաև' Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ: Ինջիղուլյանին ստիպել են նաև տեղափոխվել երրորդ երկիր' հակառակ պարագայում' սպառնալով սպանել:

 

2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը' հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Ինջիղուլյանին մնացել էր 9 ամսվա ծառայություն: