Այսօր՝ հունվարի 21-ին մեկնարկում է նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների քարոզարշավը, որը տեղի կունենա փետրվարի 18-ին: Թեկնածուների ընդհանուր թիվն 8-ն է, թեև՝ առաջադրվել էին 15 նախագահի թեկնածու:
ԿԸՀ-ն ընտրագրավը չվճարելու պատճառով չգրանցեց ութ թեկնածուների, այնուհետև նրանց 48 ժամ հավելյալ ժամանակ տվեց, որպեսզի թեկնածուները վճարեն 8 մլն ընտրագրավը: 48 ժամվա ընթացքում միայն մեկ թեկնածու՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ԿԸՀ ներկայացրեց ութ միլիոնը: Մյուս 7 թեկնածուները չցանկացան շարունակել ընտրապայքարը:
Նախագահի աթոռը զբաղեցնել ցանկացողներն էին՝ անկուսակցական կարատեիստ Տարոն Աբրահամյանը, անկուսակցական գործազուրկ Ռոբերտ Ահարոնյանը, Մարդու իրավունքների Եվրադատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանը, անկուսակցական գործազուրկ Մհեր Հայրապետյանը, Մամուլի ազգային ակումբի տնօրեն Նարինե Մկրտչյանը, անկուսակցական թոշակառու Պավլիկ Սարգսյանը և «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռոբերտ Սիմոնյանը:
Եվ այսպես, հունվարի 21-ից մինչև փետրվարի 16-ը, բոլոր հնարավոր միջոցներով ընտրողների սիրտը և քվեն փորձելու են շահել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը, անկուսակցական Վարդան Սեդրակյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: