Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրները կարևորում են Դիլիջան քաղաքի կրթական-նյութական ոլորտի զարգացումը: Այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողներին տեղեկացրեց Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանը' քաղաքի երաժշտական դպրոցի վերակառուցման և բացման կապակցությամբ:

 

«Քաղաքում բարեկարգ երաժշտական դպրոցի կարիքը բավականին մեծ էր, և դպրոցի վերակառուցումը բազմակողմանի ծրագրի հաջողված իրականացման վառ օրինակ է: Կատարվել է մեծ աշխատանք, երեխաները այսուհետ ավելի լավ պայմաններում կիրականացնեն իրենց ուսուցումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողներին տեղեկացրեց Արթուր Հակոբյանը:

 

Նա հավելեց, որ դպրոցի վերակառուցման համար, ընդհանուր առմամբ, տրամադրվել է 55 մլն դրամ, որից մոտ 15 միլիոնը տրամադրվել է Դիլիջանի զարգացման հիմնադրամի կողմից:

 

Դիլիջանի երաժշտական դպրոցի վերակառուցումը իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «Քոունթերփարթ ինթերնեշն» կազմակերպության, Դիլիջանի զարգացման հիմնադրամի և Դիլիջան քաղաքի քաղաքապետարանի համատեղ ուժերով:

 

Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդն ստեղծել են Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) բարեգործական հիմնադրամը' Հայաստանում և Արցախում երկարաժամկետ ծրագրեր իրականացելու նպատակով:

 

Հիմնադրամն իր բարեգործական ծրագրերն իրականացնում է այնպիսի մեխանիզմների կիրառությամբ, որոնք ապահովում են դրանց երկարաժամկետ ֆինանսական կայունությունը' ըստ էության խրախուսելով սոցիալական ձեռներեցության գաղափարը: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք զգալիորեն կբարելավեն երկրում սոցիալական և տնտեսական իրավիճակը' Հայաստանին և հայությանը հնարավորություն տալով անցնելու գոյատևման մոդելից բարեկեցության մոդելի: