Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի հոկտեմբերի 11-ի համերգը հատուկ նշանակություն ունի: Լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող Էռնստ Լենհարդի անվան գերմանական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ համերգի ողջ հասույթը կօգտագործվի լսողության հնարավորությունից զրկված հայաստանցի փոքրիկներից մեկին' Կոտայք գյուղի բնակիչ 3-ամյա Սևակին վիրահատելու համար:
Բացի այդ, իրադարձությունը նվիրված է Իտալիայի դիմադրության շարժման հերոս Մկրտիչ Դաշտոյանի 100-ամյակին և Հայաստանում խխունջային ներպատվաստման 10-ամյակին:
Երեքամյա Սևակը վիրահատության սպասող փոքրիկներից մեկն է միայն: Համաշխարհային ցուցիչներով, որին համապատասխանում է նաև Հայաստանը, լսողության խնդիրներ ունեն 1000 նորածինից 1-3-ը: Տարեկան Հայաստանում վիրահատության ցուցումով ախտորոշում են ստանում շուրջ 40 երեխա:
«Հիմնադրամը և բժիշկները Սևակին երջանիկ պատահականությամբ են ընտրել: Հուսով եմ, որ ամեն ինչ բարեհաջող կանցնի և շատ շուտով Սևակը կկարողանա լսել ու արձագանքել իրեն շրջապատող աշխարհի ձայներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշում է Սևակի մայրը' Էրիկա Բադասյանը:
Լենհարդի հիմնադրամի հայաստանյան գործունեության համակարգող Լիլիթ Աբրահամյանը նշում է, որ խխունջային ներպատվաստման մասին տեղեկությունը քիչ է Հայաստանում, ուստի համերգը Սևակին օգնելուց բացի, նաև տեղեկատվական գործառույթ ունի: «Մենք հույս ունենք, որ նախաձենությունը կօգնի ավելի մեծ թվով տեղական և միջազգային կազմակերպությունների և անհատների ուշադրությունը հրավիրել ոլորտի վրա: Ուրախ ենք, որ Երիտասարդական նվագախումբը և Սերգեյ Սմբատյանը աջակցում են մեզ այդ գործում»,- նշեց նա:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ նվագախումբը հաճույքով է մասնակցում նման ծրագրերի: Նա հույս հայտնեց, որ հաջորդ անգամ, երբ Սևակը այցելի նվագախմբի անդամներին, արդեն կկարողանա լսել այն երաժշտությունը, որի միջոցով «վերականգնվել է» իր լսելու ունակությունը: