Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանց Facebook-ի օգտատերերն ապագայում կկարողանան միմյանց գումար փոխանցել Messenger հավելվածի միջոցով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սթենֆորդի համալսարանի ուսանող Էնդրյու Օդին, ով թաքնված հնարավորություն է հայտնաբերել Messenger-ում Apple-ի iOS պլատֆորմի համար:
«Ծրագրի սքրինշոթը հայտնաբերվել է դեռևս մեկ ամիս առաջ»,- ասել է Օդենը տեղական ԶԼՄ-ներին:
Հետագա ուսումնասիրությունները հանգեցրել են մի ամբողջ հավելվածի բացահայտմանը, որն արդեն պատրաստ է օգտագործման համար, սակայն դեռևս չի ներկայացվել հանրությանը:
Ավելի վաղ Facebook-ի ղեկավարությունն աշխատանքի է ընդունել PayPal ընկերության նախկին տնօրեն Դեյվիդ Մարկուսին, ով ներկայումս գլխավորում է Messenger-ի ստորաբաժանումը: Այս առումով, փորձագետները չեն բացառում, որ Facebook-ն ապագայում կկարողանա մրցակցել հիմնական խոշոր PayPal, Webmoney և այլ վճարային համակարգերի հետ: