Հայաստանի համար ցանկացած բարեփոխում չի կարող լինել Արցախի կայացմանը և զարգացմանը խանգարելու հաշվին: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեպքում Հայաստանի և Արցախի սահմանին մաքսակետ դնելու հնարավորության մասին հարցին: «Ես կարծում եմ, որ որևէ մեկը չի կարող ակնկալել և ընդհանրապես թույլ տալ, որ մաքսակետ դրվի այն սահմանին, որը մենք նվաճել ենք արյան գնով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի և Արցախի սահմաններին մաքսակետեր դնելու թեման պետք չէ այդքան քննարկել և շահարկել, քանի որ դրանով կարող ենք ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանը երբեք չի գնա քայլերի, որոնք կարող են վտանգել Արցախի անկախությունը և խոչընդոտել զարգացմանը: