Հայաստանի զինված ուժերը հոկտեմբերի 8-ին տոնում են Տանկիստի օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ԶԼՄ ներկայացուցիչներն այսօր այցելեցին տանկային զորամասերից մեկն, ուր զրահատանկային զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արթուր Համբարձումյանը ներկայացրեց տանկիստների ծառայողական առօրյան, տանկային ստորաբաժանման անցած մարտական ուղու և փայլուն մարտական ուղի անցած հերոս տանկիստների պատմությունը:

 

Տոնական օրվա առիթով' անցկացվեցին ցուցադրական վարժություններ տանկիստների մասնակցությամբ: Հետարքրական է, որ տանկերի փողերի վրա նշված էին աստղեր, որոնք ցուցում էին դրանց կողմից խոցված զրահամեքենաների կամ այլ տեխնիկայի միավորների թիվը:

 

ՀՀ ԶՈՒ տանկային ստորաբաժանումներն ստեղծվել են Հայոց բանակի կազմավորման հետ միաժամանակ: 1996 թվականից սկսած' հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր: Հենց տանկային ստորաբաժանումներն են կազմում ՀՀ ցամաքային զորքերի անբաժանելի մասը և հիմնական հարվածային ուժը:

 

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին և Արցախյան պատերազմի ժամանակ հայ տանկիստներն աչքի են ընկել իրենց խիզախությամբ և գրագետ մարտավարությամբ, որի շնորհիվ կարողացալ են վարել բազմաթիվ նշանակալից մարտեր, նվազագույնի հասցնել հակառակորդի ռազմական գերազանցությունը սպառազինության ոլորտում: Հայ տանկային ստորաբաժանումները գերազանց կատարեցին իրենց առջև դրված խնդիրները հարձակման և պաշտպանության գծում և նրանց շնորհիվ է, որ ՀՀ ԶՈՒ-երն այսօր ունեն մարտունակ և կայացած տանկային զորքեր:

 

Հայ տանկիստներն իրենց հիանալի են դրսևորում մեր օրերում, ինչի ակնառու ապացույցներից էր վերջերս Մոսկավայի մերձակայքում գտնվող «Ալաբինո զորավարժարանում կայացած «Տանկային բիաթլոն 2014» աշխարհի առաջնությունը, որի ժամանակ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների փորձառու տանկիստների շարքում Հայաստանը ներկայացանող ժամկետային զինծառայողները կարողացան զբաղեցնել երկրորդ տեղը: