Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնևի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում հոկտեմբերի 6-ին տրվել է պաշտոնական ընդունելություն' նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդունելությանը ներկա էին Շվեյցարիայի դաշնային օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Ժնևի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և Բեռնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Իր ելույթում դեսպան Ազնավուրը նշել է, որ քսաներեք տարին փոքր ժամանակահատված է մի երկրի և ժողովրդի համար, որի պատմությունը հազարամյակներով է հաշվվում, սակայն Հայաստանի անկախության քսաներեք տարիները խորհրդանշում են շատ կարևոր ժամանակաշրջան հայ ժողովրդի անցած երկարամյա պատմական ուղու վրա:

 

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Ժնևում Միացյալ ազգերի կազմակերպության բոլոր կառույցներին, Շվեյցարիայի դաշնային և կանտոնալ իշխանություններին, Հայաստանի բոլոր բարեկամներին' անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած գործուն և շարունակական աջակցության համար:

 

Երեկոյի ընթացքում հայ և շվեյցարացի երաժիշտներից կազմված քառյակի կատարմամբ հնչեցին Հայաստանի և Շվեյցարիայի օրհներգերը, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: