Ռուսաստանում այլ երկրների քաղաքացիություն ստանալու կարգի հետ կապված փոփոխությունների պարագայում երկքաղաքացիությունից հրաժարվելու անհրաժեշտություն չկա: Այս մասին հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը: «Ռուսաստանում քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ են կատարվել, ըստ որի՝ եթե Ռուսաստանի քաղաքացին ստանում է այլ երկրի քաղաքացիություն, պետք է համապատասխան կարգով այդ մասին տեղեկացնի ֆեդերալ միգրացիոն ծառայությանը: Սա շփոթություն էր առաջացրել մեր հայրենակիցների մոտ, և բազմաթիվ են եղել դեպքերը, երբ նրանք գնացել են Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բիչախչյանը:
Նա ևս մեկ անգամ կոչ արեց ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերին՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում, այդ մասին սահմանված կարգով տեղեկացնել միգրացիոն ծառայությանը: «Իսկ նրանք, ովքեր մինչև հոկտեմբերի 4-ը խուսափել են տվյալներ ներկայացնելուց եւ հայտնաբերվել են, կտուգանվեն 200 հազար ռուբլիով, կամ կենթարկվեն քրեական պատասխանատվության, սակայն եթե քաղաքացին իր կամքով ներկայացնում է հոկտեմբերի 4-ից հետո, ենթարկվում է վարչական տուգանքի՝ 500-1000 ռուբլու չափով»,- նշեց նա:
Բիչախչյանը նաև խորհուրդ տվեց բոլոր այն անձանց, ովքեր ունեն ՌԴ քաղաքացիություն, սակայն բնակվում են այլ երկրներում, ստացել են այլ երկրի քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ, անպայման փոստային ծանուցման նամակով դիմել ֆեդերալ միգրացիոն ծառայությանը, իսկ հետո երբ կգնան ՌԴ, այցելել միգրացիոն ծառայություն' համոզվելու համար' արդյոք հասել է ծանուցումը, թե ոչ:
Նա ընդգծեց, որ խոսքն ընդամենը այն մասին է, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձը այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում պետք է այդ մասին տեղեկացնի ֆեդերալ միգրացիոն ծառայությանը: Այլ խնդիր չկա և երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիները երկաքաղաքացիությունից հրաժարվելու կարիք չունեն: