Վաղը` ժամը 18:00-ին «եռյակի» հանրահավաքին Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ո՞նց կարող է պատահել, եթե հանրահավաք լինի, իմ կուսակցականներն այնտեղ լինեն, Ծառուկյանը ժողովրդի կողքին չլինի»,- ասաց Ծառուկյանը:
Խոսելով իր՝ նախագահի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ, ԲՀԿ առաջնորդը նշեց. «Իմ մտքում կա 4-5 թեկնածու՝ նոր նախագահի ընտրության համար, ովքեր արժանապատիվ մարդիկ են և կարող են զարգազման ուղու վրա դնել երկիրը և խնդիրները կարգավորել: Եթե իմ քաղաքական գործընկերները և հանրությունը դրանցից որևէ մեկի թեկնածությունն առաջադրի, ապա ես պատրաստ եմ նրա կողքին կանգնել և թեկնածությունը պաշտպանել: Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները և հանրությունը ներկայացնեն, որ այս ծանր պահին իմ թեկնածությունը պետք է լինի, ուրեմն դրան էլ եմ պատրաստ: Կարող եմ ասել, որ մի քանի ամսվա ընթացքում կարևորագույն խնդիրները լուծումներ կունենան, պետությունը կդրվի ճիշտ հիմքերի վրա ու ոչ միայն խոսքերով, այլ դա մարդիկ կզգան: Այդ ժամանակ չի լինի միանձնյա որոշում կամ մի կուսակցության որոշում: Բոլոր կուսակցություններում կան բանիմաց մարդիկ, դա մեր ազգի հարստությունն է»:
Գագիկ Ծառուկյանի կարծիքով՝ պետք է համախմբվել, քննարկել, լսել և կարողանալ ճիշտ որոշում կայացնել:
Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում