Կիեւի քաղաքային խորհուրդը Ուկրաինայի մայրաքաղաքի խանութներին պարտավորեցրել է ռուսական ապրանքները տեղավորել մնացածներից առանձին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՈՒՆԻԱՆ-ին: Համապատասխան որոշման օգտին քվեարկել են 120 պատգամավորներից 76-ը:

 

Կիեւի քաղխորհուրդը խնդրելու Է առեւտրական հաստատությունների տերերին առանձին վաճառասեղաններ հատկացնել այդ ապրանքներին: Միջոցառման հեղինակների մտահղացմամբ՝ ընդունված որոշումը կնպաստի Կիեւի բնակիչների կողմից ռուսական ապրանքները բոյկոտելուն: Արդեն նախնական բանակցություններ են անցկացվել բիզնեսի եւ առեւտրի ներկայացուցիչների հետ, եւ նրանց մեծամասնությունը պաշտպանում է ռուսական արտադրանքի առանձնացման նախաձեռնությունը:

 

Ռուսական արտադրանքի վերաբերյալ համանման որոշումներ են ընդունել արդեն Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի եւ Չերկասիի մարզերի իշխանությունները: Նշվում Է, որ Կիեւի խանութներում այդ միջոցառումն իրականացնելու համար կպահանջվի մի քանի օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: