Տասներկու ընտանիք այսօրվանից հնարավորություն կունենա ապրել նոր բնակարաններում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Երևանի ավագանու որոշմամբ՝ հոկտեմբերի 10-ին «Էրեբունի-Երևան 2796»-ին նվիրված տոնակատարությունների շրջանակում անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ տրամադրվեցին մի շարք մշակութային, հասարակական գործիչների, բազմազավակ ընտանիքների:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով ընտանիքներին, նշեց, որ ուրախ է նրանց տեսնել քաղաքապետարանում:

 

«Համոզված եմ, որ ձեր ընտանիքներում ամեն տարի հիշելու եք այս օրը, առանձնակի սիրով և կրկնակի ոգևորությամբ եք նշելու սիրելի քաղաքի տոնը: Իսկապես ուրախ եմ, որ «Երևան՝ իմ տուն» կարգախոսով մեկնարկվող «Էրեբունի-Երևան 2796»-ին նվիրված տոնակատարությունների շրջանակում ձեզ եմ հանձնելու այդքան երկար սպասված, ցանկալի և ձեզ անհրաժեշտ բնակարանների բանալիները: Ի սրտե շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ, որ նոր բնակարանը յուրաքանչյուրիդ համար դառնա նոր հաջողությունների և ձեռքբերումների սկիզբ: Մաղթում եմ, որ այդ բնակարանները դառնան ընտանեկան հաջողության և անմնացորդ սիրո անառիկ ամրոցներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տարոն Մարգարյանը:

 

Քաղաքապետն ընդգծեց, որ «Էրեբունի-Երևան 2796»-ին նվիրված տոնակատարությունների շրջանակում որոշում է կայացվել բնակարանների տրամադրման վերաբերյալ, ստեղծվել են հանձնաժողովներ, ուսումնասիրություններ են կատարվել: «Համոզված եմ, որ բնակարանների տրամադրման մեր ծրագիրը կլինի շարունակական: Այս ծրագիրը երկրի նախագահի ուշադրության կենտրոնում է: Մենք ամեն տարի նման անակնկալներով ենք հանդես գալու»,- խոստացավ Տարոն Մարգարյանը:

 

Նա հավելեց, որ բնակարանները տեղակայված են քաղաքի տարբեր վարչական շրջաններում՝ Մալաթիա-Սեբաստիայում, Աջափնյակում, Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում:

 

Բնակարաններ ստացան Երևանի պատվավոր քաղաքացի, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը, դերասանուհի Էվելինա Շահինյանը, ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, մշակութային գործիչ Հովհաննես Այվազյանը, Նժդեհի թոռնուհի Էսֆիերա Տրդատյանը, հասարակական, քաղաքական գործիչ Դոնարա Հարությունյանը, զոհված ազատամարտիկի երկու ընտանիքներ՝ ի դեմս Սոսո Մովսեսյանի և Վալեր Արզումանյանի, բազմանդամ երեք ընտանիք՝ ի դեմս Հասմիկ Մկրտչյանի, Գայանե Գրիգորյանի և Նունե Գևորգյանի, ինչպես նաև Եպրաքսյա Աբրահամյանը:

 

Դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանն ընդգծեց, որ բոլորի համար շատ ուրախ օր է: «Մարդիկ տարիներով երազում էին բնակարան ունենալ: Եվ ահա այսօր իրականություն դարձավ մեր երազանքը: Շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ, որ Հայաստանում բնակարան չունեցող չմնա, բոլորը ունենան բնակարան: Շնորհակալ եմ պարոն քաղաքապետին և մեր պետությանը: Ես կարծում եմ, որ դեռ մի քիչ կապրեմ սրա համար: Լավ է ուշ, քան երբեք' ինչ վերաբերում է ինձ»,- նշեց նա:

 

«Երևան՝ իմ տուն» կարգախոսի ներքո մայրաքաղաքում անցկացվում են «Էրեբունի-Երևան 2796»-ին նվիրված տոնակատարությունները: Ծրագիրն այս տարի ևս հագեցած է: Հոկտեմբերի 11-12-ը մայրաքաղաքում կտիրի տոնական տրամադրություն: «Էրեբունի-Երևան 2796»-ի մշակութային ծրագրերի և կոնֆերանսի կազմակերպման համար համայնքային բյուջեից հատկացվել է 130 միլիոն դրամ, իսկ սոցիալական ծրագրի համար՝ 50 միլիոն դրամ: Քաղաքապետարանին աջակցել են բազմաթիվ այլ կազմակերպություններ: