Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Քանաքեռի գնացքի գծերի վրա տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող զորամասի հարևանությամբ հայտնաբերել էր մոտ 25-30 տարեկան տղամարդու դիակ' գլխի ձախ քունքային շրջանում հրազենային վնասվածքի հետքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 1990 թ. ծնված Լևոն Բունիաթյան:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի, Արարատի մարզային վարչությունների և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 01.00-ին, Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 105 շենքի մոտ 1986 թ. ծնված Արթուր Ե.-ին պատկանող «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, 1991 թ. ծնված Տարոն Գալուստովը դեռևս չպարզված տիպի ատրճանակից մեքենայի սրահի հետնամասից կրակել է առջևում նստած Լ. Բունիաթյանի գլխի ձախ քունքային հատվածին, այնուհետև տաքսու վարորդին զենքի սպառնալիքով ստիպել է դիակը տեղափոխել Ծ. Աղբյուրի փողոցում գտնվող զորամասին հարակից էլեկտրասյան սյան մոտ և հանելով դիակը մեքենայից' գետնին գցած վիճակում, երկրորդ անգամ կրակել է ծոծրակին ու նույն ավտոմեքենայով հեռացել:
Հոկտեմբերի 12-ին Տարոն Գալուստովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում' հոկտեմբերի 12-ին, ժամը 19.10-ին, Գալուստովը ներկայացել է ոստիկանություն և հանձնվել ՀՀ քննչական կոմիտե:
Տարոն Գալուստովը կալանավորված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: