Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը նշեց իր հիմնադրման 140-ամյակը: Հոբելյանական հանդիսությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 12-ին, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ: Հանդիսությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, փոխնախարարներ, դասախոսներ, մշակույթի գործիչներ: Հանրապե տության հնագույն աստվածաբանական համալսարանի հիմնադրման 140-ամյակին նվիված միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Նորին Սրբություն Մոր Իգնատիոս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը:

 

Հանդիսությունը մեկնարկեց տերունական աղոթքով, հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրներգերը:Հանդիսության բոլոր ներկաներին իր հայրապետական օրհնությունը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը: Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդն իր հայրապետական խոսքում կարևորեց ճեմարանի դերը: «Մեր ժողովրդի համար նվիրական անուն է Գևորգյան հոգևոր ճեմարանը, նրա առաքելությունը' գնահատված, նրա հիմնադիր ուղին' մեծարված ու պանծալի: Արդարև, 140 տարիների ընթացքում Գևորգյան հոգևոր ճեմարանը հասակ առավ ու ամրացավ և մշտապես վառ պահեց հավատքի ու ազգային դպրության լույսը: Մեր սրբազան տաճարների, կանթեղների լույսը մշտավառ է շնորհիվ Գևորգյան հոգևոր ճեմարանի»:

 

ճեմարանի տեսչական, դասախոսական ու ուսանողական կազմին, բոլոր նախկին ճամերանականներին իր ողջույնը հղեց Նորին Սրբություն Մոր Իգնատիոս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ գերաշնորհ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը իր խոսքում կարևորեց հնագույն այս հաստատության դերը: «Հիրավի, Գևորգյան հոգևոր ճեմարանի անցած 140 երկար ու ձիգ տարիների ընթացքում, հակառակ բազում փորձություններին ու հարվածներին, որ անցնող դարում բաժին ընկան այս հաստատությանն ու նրանից ելած սերունդներին, նա մնայուն հաղթանակ գրանցեց:

 

Գևորգյան ճեմարանի հիմնադրումը պատմաբանների կողմ ից բնութագրվում է որպես հայ եկեղեցու բարեկարգության սկիզբ, սա միանշանակ իրողություն է, բայց ողջ իրականությունը չէ: Գևորգյան ճեմարանը դարձավ այն մեկնակետը, որից սկիզբ առավ ազգային վերածնության տեսիլքը' որպես շարունակվող իրականություն: Պատահական չէ, որ 20-րդ դարի հայ գաղափարախոսների մեծ մասը ճեմարանականներ են: Այսօր կարող ենք հայտարարել, որ անցյալի ոգուն հարազատ, ավանդներին հավատարիմ ձևով է շարունակվում Գևորգյան ճեմարանի պատմությունը»,-իր խոսքում նշեց գերշանորհ Տ. Գևորգ եպս. Սարոյանը:

 

Շնորհավորական խոսք ու բարի մաղթանք հնչեց նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից: «Այս նշանակալի իրադարձությունը տոն է ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, բոլոր ժամանակների ճամարանականների, այնպես էլ ողջ հայության համար: Այս ճեմարանի շրջանավարտներն էին, որ 20-րդ դարասկզբին դարձան հայության դեմքը: Ճեմարանի շրջանավարտներն ու դասախոսները որոշակի դեր խաղացին Հայաստանի պետական համալսարանի ստեղծման գործում: Գևորգյան հոգևոր ճեմարանը, հիմնադրվելով մեր պետականության բացակայության պայմաններում, դարձավ լուսե փարոս, հույսի միջնորդ հայ ժողովրդի գոյության խաղաղ ժամանակներում: Այս ճեմարանում ծնվեցին ժամանակի գրեթե բոլոր առաջամարտիկները տարբեր ասպարեզներում: Լուսավորչի հիմնած աթոռից սկսեցին ծնվել նոր լուսավորիչներ, որոնք, հիրավի իրենց տեղը զբաղեցրեցին մեր մեծերի համաստեղության մեջ: Անգնահատելի է Գևորգյան ճեմարանի ավանդը հայ գրականության, գիտության, քաղաքական մտքի, մանկավարժության զարգացման բնագավառներում»:

 

Հանդիսության ընթացքում ցուցադրվեց նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի ստեղծման և հետագա գործունեության, կրթական այս հոգևոր հաստատության դժվարին և վերելքի տարիների և Աստվածաբանական համալսարանի ներկա գործունեության, նպատակների ու առաքելության մասին պատմող' Նելլի Ռաֆայելյանի «Բաբախող սիրտը» վավերագրական ֆիլմը («Շողակաթ» հեռուստաընկերություն):

 

Հանդիսության ընթացքում եղան նաև այլ շնորհավորանքեր, ելույթներ ու ընթերցումներ: Բոլոր ներկաներին իրենց կատարումներով ողջունեցին Գևորգյան հոգևոր ճեմարանի, «Հովեր» պետական կամերային երգչախմբերը, «Կոմիտասի» անվան պետական քառյակը:

 

 

Արմենուհի Մխոյան