Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դավաճիռը:

 

Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, իսկ Շահեն Հարությունյանը՝ 4 տարվա ազատազրկման, սակայն որոշվեց պատիժը պայմանականորեն չկիրառել: Հանձնարարվեց Շահենին պարտավորեցնել չհեռանալ մշտական բնակության վայրից:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Լուրեր.com-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատարանի արձակած վճիռը քաղաքական հաշվեհարդար էր:

 

«Շանթ Հարությունյանի, իր ընկերների և անչափահաս որդու նկատմամբ դատարանի երեկվա արձակած այդ վճիռը քաղաքական հաշվեհարդար էր: Դատարանն իրականացրեց Սերժ Սարգսյանի վճիռը, որն արդեն նախօրոք կայացվել էր և որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր: Սա իր ցինիզմով աննախադեպ երևույթ է, և ինչպես 2008 թվականի մարտի մեկից առաջ Ռոբերտ Քոչարյանը վճիռ կայացրեց, որ շատերը պետք է երկար տարիներ նստեն, նույն կերպ Սերժ Սարգսյանը մինչ դատաքննության ավարտը հրապարակեց վճիռը և ազատազրկեց: Այսինքն՝ ազատազրկման ձևով պատժեց իր ապօրինի որոշման դեմ դուրս եկած քաղաքացիներին»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ դատավճիռը ոչ թե Շանթ Հարությունյանի, ընկերների և իր որդու նկատմամբ էր, այլ նաև դատավճիռ էր ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

 

«Ամբողջովին ինքը համապատասխանում է այն կառույցի տրամաբանությանը և մոտեցմանը, որը կոչվում է ԵՏՄ: Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի իր հայտնի հայտարարությունից հետո՝ ՄՄ-ին և այնուհետև ԵՏՄ-ին միանալու մասին, հոկտեմբերի 10-ին Մինսկում կայացրած վճռից հետո, սա երրորդ քայլն էր, որն ուղղված էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամագրման ուղղությամբ: Սա լուրջ մարտահրավեր է և միաժամանակ ապացուցում է և ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը և իր կլանը որևէ բարոյական իրավունք չուներ սահմանադրական փոփոխության մասին խոսելու, որովհետև մարդը, որը ոչնչացնում է դատական իշխանությունը, մարդը, որը սահմանադրությունն ինքնին որպես հիմնարար փաստաթուղթ դարձնում է փալաս, և այդքանից հետո խոսել սահմանադրական փոփոխությունների մասին, ինքը որևէ բարոյական և քաղաքական հիմնավորում չունի»,- ասաց Սաքունցը:


Լուսանկարը՝ Panarmenian.net