ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է էբոլա վիրուսի ներթափանցման դեպքում պատրասվածության աստիճանը գործնականում գնահատելու համար կազմակերպված ուսումնական վարժանքին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը ներկա են եղել մայրաքաղաքի և մարզերի համաճարակաբաններն ու վարակաբանները, սահմանակետերի բժշկասանիտարական հսկիչ ծառայության ղեկավարները:

 

«Մեր պատրաստվածության աստիճանը պետք է չափազանց բարձր լինի' վիրուսի ներթափանցման առաջին իսկ կասկածի դեպքում հնարավոր վիրուսակրին մեկուսացնելու, բուժումը կազմակերպելու համար: Ողջ գործընթացը պետք է լինի խիստ կանոնակարգված և կազմակերպված»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը' կարևորելով բժշկական անձնակազմի պատարստվածության և իրազեկվածության բարձր մակարդակը:

 

Նրա գնահատմամբ' բարձր կազմակերպվածությամբ կարելի է խուսափել հնարավոր վտանգներից և ռիսկերից: Նախարարը կարևորել է, որ էբոլա վիրուսով կասկածյալի հայտնաբերման պահից մինչև բժշկական կազմակերպություն նրա տեղափոխումն պետք է իրականացվի մշակված ժամանակացույցի, գործողությունների պլանի համաձայն' նշված մասնագետների պատասխանատվությամբ: Որպես կազմակերպվածության լավ օրինակ' նախարարը մատնանշել է Առողջապահական պետական տեսչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ ծառայության աշխատանքը:

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղեկալ Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ նախարարությունում ևս անցկացվել են շտաբային վարժանքներ:

 

«Դրանց շնորհիվ հստակեցրել ենք բոլոր ծառայությունների և մասնագետների պատասխանատվությունը, պարտականությունները և գործողությունները, որոնք պետք է իրականացվեն էբոլա վիրուսով կասկածյալ հիվանդի Հայաստան ժամանելու դեպքում»,- հայտնել է Սերգեյ Խաչատրյանը' հանգամանալից ներկայացնելով տվյալ իրավիճակի համար սահմանված բոլոր քայլերի հաջորդականությունը։

 

Նա կարևորել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի և սահմանային անցումային յոթ կետերի մասնագետների համակարգված աշխատանքը:

«Բոլոր գործողությունները հստակ հաջորդականությամբ պետք է լինեն համակարգված»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

 

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանն էլ ներկայացրել է Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն աշխարհում։ Նշվել է, որ արդեն շուրջ մեկ ու կես ամիս է, ինչ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ամրագրվել և իրականացվում են հնարավոր բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։

 

Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին, ձեռք է բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստների մեծաթիվ լրակազմ։

 

Հեռակառավարվող ջերմացույցի միջոցով կատարվում է ուղևորների ջերմության որոշում, իսկ օդանավակայանում սահմանային սանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբաններն իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ' կասկածելի դեպքերի հայտնաբերման նպատակով: Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատողներն ապահովված են անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով, ախտահանիչ նյութերով:

 

«Այսօրվա վարժանքի նպատակը վարակաբանների, համաճարակաբանների, սահմանային կետերի համաճարակաբանների փոխհամագործակցության ապահովումն է»,-ասել է Արտավազդ Վանյանը:

 

Նրա առաջարկով մարզային սահմանային անցակետերում կստեղծվեն արագ արձագանքնման խմբեր, որոնք կիրականացնեն անհրաժեշտ միջոցառումներ վարակի տարածումը տեղում կանխարգելելու նպատակով:

 

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանն էլ հայտնել է, որ կենտրոնն ապահովված է անհրաժեշտ պայմաններով' վարակի կասկածի դեպքում հիվանդներին մեկուսացնելու համար։

 

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն էլ նշել է, որ, հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և ուսումնասիրելով Էբոլա վիուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկված միջոցառումները, ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է մի շարք միջոցառումներ:

 

Բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդա կան ուղեցույց։ Մշակվել է հուշաթերթ ազգաբնակչության համար:

 

Ուղևորներն ախտահարված երկրներ այցելության ժամանակ իրազեկվում են հնարավոր վտանգների մասին։ Իրականացվել են սեմինար-դասընթացներ բուժանձնակազմի, տուրիստական կազմակերպությունների համար։

 

Միջոցառման ժամանակ կարևորվել է միմյանց հետ 24 ժամ կապի մեջ լինելու, արագ արձագանքելու, տեղեկատվությունը փոխանակելու անհրաժեշտությունը: Գնահատվել են սահմանային կետերի կարիքները, թարմացվեց տվյալների բազան, հստակեցվել կազմակերպչական այլ հարցեր:

 

Ուսումնական վարժանքի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը պատասխանեց մասնագետների հարցերին: