Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկում է սահմանամերձ գյուղերին, հարկային արտոնություններ տալուց բացի, տալ նաև սոցիալ-տնտեսական աջակցության երաշխիքներ: Ազգային ժողովում «Սահմանամերձ գյուղերում գործունեության ծավալումը հարկերից ազատելու մասին» և հարակից օրենքի նախագծերի օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ միայն հարկերից ազատումը բավարար չէ այդ գյուղերում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար: «Դեռևս օգոստոսի 16-17-ին, երբ Ազգային ժողովի պատգամավորներն այցելել էին սահմանամերձ գյուղեր, արձանագրել էին մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ առաջարկներ էին ներկայացրել նաև կառավարությանը, սակայն մինչ օրս պատասխան չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:
Նա ընդգծեց, որ այցերի ընթացքում առաջարկություններ են ներկայացվել սահմանապահ գյուղերի դպրոցներն անվճար դասագրքերով ապահովելու, կոմունալ ծախսերի հետ կապված արտոնություններ տրամադրելու, երեխաների ծննդյան միանվագ նպաստը բարձրացնելու վերաբերյալ: «Երբ մենք չենք տարանջատում և խոսում ենք ընդհանուր սահմանամերձ համայնքներում կոնկրետ հարկային արտոնություններ տալու մասին, մանավանդ, երբ խոսքը շուրջ 36 բնակավայրի մասին է, մյուս բնակավայրերի բնակիչների մոտ կարող է տարակարծություն առաջանալ:
Ահա թե ինչու է անհրաժեշտ, որ մենք հստակ սահմանենք , որ սահմանապահ համայնքներին այս փուլում հարկավոր է ամբողջական օգնություն տրամադրել, որպեսզի նաև մեր սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչներն ըմբռնումով մոտենան, որ առաջնահերթությունը տրվում է հենց այս գյուղերին: Իհարկե, մեր հաջորդ կարևոր քայլը պետք է լինի բյուջետային քննարկումների ժամանակ սահմանամերձ բնակավայրերի խնդիրների լուծման ծրագիրը քննարկել և լուծում տալ»,- ընդգծեց պատգամավորը:
Արծվիկ Մինասյանը նաև առաջարկեց օրենքում առկա «արտադրության կազմակերպում» ձևակերպումը փոխարինել «տնտեսական գործունեություն» բառակապակցությամբ, որպեսզի հնարավորինս շատ գործունեություն ծավալվի, և մասնավորը ներգրավվի այդ գործընթացում: