Թուրքիայում ապօրինաբար ձերբակալված հայ մտավորական, պատմաբան, գրող, լեզվաբան, լրագրող Սեւան Նիշանյանը բանտից նամակ է հղել թուրքական իշխանություններին, որում հայտարարել է, որ իրեն չեն կարող վախեցնել եւ ծնկի բերել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական DemkokratHaber լրատվական կայքը, Նիշանյանի նամակը հրապարակվել է նրա ընկերների կողմից կազմակերպված' «Ըմբոստ հայ մտավորական, մեծ մտածող Սեւան Նիշանյան» կոչված «Կիսում ենք Սեւան Նիշանյանի վեճը» հավաքում, որին մասնակցել են գրող-պատմաբան Այշե Հյուրը, լրագրողներ Բագրատ Էստուկյանը, Ռիմա Էլքոուրին եւ ուրիշներ: Նամակում, որը ներկաներին ընթերցել է Նիշանյանի որդին' Դավիթը, ասվում է. «Կարծուն են կարող էին ինձ վախեցնել եւ ծն կի բերել: Չկարողացան: Հանրապետության ժամանակաշրջանում եւս շարունակաբար օգտագործելով նախկին բռնությունները' ինձ նման հարյուր հազարավորներին այս վայրերից փախցրածների նման մտածեցին, թե ինձ կարող են հեռացնել այստեղից: Չկարողացան: Ձերբակալեցին եւ կարծեցին կարող են ծնկի բերել: Չեն կարող...»:

 

Նամակում Նիշանյանը եւս մեկ անգամ նշել է, որ իրեն ձերբակալել են ապօրինաբար, քանի որ ինքը Թուրքիայում այն հարյուր հազարավորներից մեկն է, ով առանց թույլտվության շինություն է կառուցել: «Ինչու՞ այդ հարյուր հազարավորներից միայն ինձ են պատժել: Երկրում ապօրինի շինարարություն միայն Նիշանյա՞նն է արել: Ես արել եմ այն, ինչ անում են բոլորը», -նշել է նա: Նամակում Նիշանյանը մեկ անգամ եւս հավաստել է, որ շարունակելու է քննադատել իշխանությունների թերությունները:

 

Արդեն 10 ամիս ազատազրկման մեջ գտնվող Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրենքով իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես է եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: