Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը հոկտեմբերի 25-ին այց են կատարել Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղեր:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից «Լինենք հոգատար» ծրագրի շրջանակներում ուսանողները Երևանից ուղևորվել են Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի դպրոցներ, որոնց աշակերտների հետ անցկացվեցին դասընթացներ «առողջ ապրելակերպ», «օգտակար սննդակարգ», «անձնական հիգիենա» թեմաներով, իրականացրել են առաջին բուժօգնության պարապմունքներ: Դասընթացների ավարտին երեխաները ստացել են անձնական հիգիենայի պարագաներ /ատամի մածուկներ, խոզանակներ և այլն/:

 

Ծրագրի նպատակն էր աշակերտների շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, կանոնավորել սննդակարգը, առաջին բուժօգնության դասընթացների շնորհիվ դարձնել պատրաստ արտակարգ իրավիճակներին:

 

Աշակերտների սպորտային խաղերի արդյունավետ կազմակերպման համար երիտասարդները նրանց սպորտային գույք և սպորտային պարագաներ են նվիրել, այդ թվում՝ դարպասապահի ձեռնոց, գնդակներ, թենիսի սեղան, շախմատներ և այլն:

 

Միջոցառման կազմակերպիչներից Կարեն Ակոպյանն իր խոսքում նշել է. «Լինելով բժիշկ՝ պատասխանատվության մեծ զգացում ունեմ նման միջոցառումների կազմակերպման համար և շատ ուրախ եմ, որ հերթական այսպիսի ծրագրի նախաձեռնողները հենց բժիշկ-ուսանողներն են՝ հանձինս ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի:

 

Այս ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես սահմանամերձ գյուղերը, որտեղ ծրագրի նպատակներն առավել արդիական են»: