Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ Ջանֆրանկո Ռավազին կարծում է, որ Հայաստանի ողջ տարածքում և ամբողջ աշխարհում սփռված խաչքարերը աղաղակում են հայոց պատմության մասին: Նա ցավում է, որ ժողովուրդների բախման արդյունքում տեղի են ունենում այնպիսի վայրագություններ, երբ ոչնչացվում են հայկական խաչքա րերը:
«Ես խորապես հուսով եմ, որ այսօր Փարիզում երկու երկրների ղեկավարների հանդիպումը կդառնա որոշիչ ապագայում նման վայրագությունների կրկնությունը կանխելու հարցում: Որպես մշակույթի քահանայապետության խորհրդի նախագահ' ինքս տարիներ առաջ դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին, որ ամեն ինչ արվի փրկելու այդ կարևոր պատմական վավերագրերը' Ջուղայի խաչքարերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Ջանֆրանկո Ռավազին' պատասխանելով հարցին, թե ինչպես է կարդինալը վերա բերում Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը:
«Հայկական խաչքարերը, որոնք տարածված են ձեր ամբողջ տարածքով, բղավում են ձեր պատմության մասին: Դուք պետք է արժեվորեք այն հուշարձանները, եկեղեցիները, ձեռագրերը, որոնք հանդիսանում են ձեր պատմության կարևորագույն մասը»,- նշեց կարդինալը:
Տասը հազարից ավելի խաչքար է հաշվարկվել Հին Ջուղայի տարածքում, որը տարբեր ժամանակներում ոչնչացվել է: Վերջին բնաջնջումն Ադրբեջանի կառավարության կողմից տեղի է ունեցել 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն' իր հազարավոր խաչքարերով։