Վերջին շրջանում իշխանության վերին օղակներում Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) ղեկավար, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի, նրա հոգեւոր գործունեության դեմ, եւ Ադրբեջանում նրա ունեցած մեծ բիզնեսը ձեռքից խլելու ուղղությամբ գաղտնի գործողություններ են իրագործվում, ինչին նրան դեռեւս հաջողվում է դիմակայել իշխանության առաջին դեմքի մակարդակով կատարվող աջակցության շնորհիվ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Փաշազադեի դեմ գործողություններից է Ադրբեջանում հոգեհացի արգելումը եւ կրոնական գործերով Պետական կառույցի կողմից նրա կրոնական գործերին միջամտությունը, այն դեպքում, երբ նման կարգի գործունեությունը մշտապես գտնվել է Կովկասի մահմեդականների վարչությունը 30 տարուց ավելի ղեկավարող Փաշազադեի վերահսկողության տակ:

 

Կայքը նշում է, որ կրոնական ոլորտում իշխանության նման քայլ կատարելու մասին որոշումն ընդունվել է այս տարվա սկզբին տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ պարզ էր դարձել, որ Ադրբեջանում իսլամի անվան տակ բավական թվով արմատական խմբեր են ձեւավորվել, եւ Ադրբեջանում նվազ հեղինակություն ունեցող շեյխը, փաստորեն, ի վիճակի չէ պայքարել այդ կրոնական կառույցների դեմ:

 

«Սակայն, շեյխին նեղելու պատճառը բոլորովին էլ կապված չէ կրոնական ոլորտում նրա պասիվության հետ: Ավելի լուրջ պատճառը շեյխուլիսլամի բիզնես- կայսրությունը եւ շրջակայքում ձեւավորված ուժն է, որն էլ իշխանության ներսում նրան լուրջ մրցակիցների ստեղծման պատճառ է դարձել: Ներիշխանական խմբերը դժգոհ են Ադրբեջանում շեյխի ունեցած մեծ ծավալների բիզնեսի առկայությունից, եւ այդ պատճառով ամեն առիթով բացահայտ կամ գաղտնի հարվածում են նրան», -գրում է կայքը:

 

«Բոլոր ժամանակներում շեյխը մշտապես աշխատել է լավ հարաբերություններ ունենալ իշխանության հետ: Սակայն, այժմ այնպես է երեւում, որ իշխանության վերին օղակներում ԿՄՎ-ի ղեկավարին չսիրողները շատացել են, եւ նրա մրցակիները ներկայում այնքան ուժեղ են, որ շեյխի ազդեցության կորստի վարկանիշ են ստեղծում, ինչն էլ լուրջ հարված է նրա համար:

 

Այդ պատճառով վերջին ամիսներին Փաշազադեն աշխատում է իր շուրջը հավաքել ազդեցիկ կրոնական գործիչներին' ջանալով մեծացնել իր հեղինակությունը եւ վերականգնել վարկանիշը, իսկ դա նրան կհաջողվի, թե ոչ, ցույց կտա ժամանակը» -հայտնում է ադրբեջանական մամուլը: