Հայոց ցեղասպանության ուսումնասիրությա բնագավառում երկու կարևոր տեսություններ հեղինակելու համար «Արևմտահայոց ազգային համագումարը» Գևորգ Տփղիսեցի Կաթողիկոսի հուշամեդալ շնորհեց թուրք պատմաբան, հասարակական գործիչ Իսմայիլ Բեշիկչիին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Գևորգ հինգերորդ Սուրենյանց (Տփղիսեցի) հուշամեդալը հիմնվել է 2014թ. հոկտեմբերի 12-ին այն թուրք մտավորականների համար, ովքեր իրենց գործունեությամբ և աշխատություններով դեմ են կանգնել Հայոց ցեղասպանության ժխտման հանցագործությանը և առաջ քաշել ցեղասպանության ճշմարտության վերաբերյալ կարևոր տեսություններ և ապացույցներ:
Իսմայիլ Բեշիկչին միջազգային ճանաչման է հասել քրդական hարցի ուսումնասիրմամբ և համարվում է այդ հարցի ամենահայտնի փորձագետն ու քրդական հարցի նախահայրը: Իր գաղափարների համար Իսմայիլ Բեշիկչին 17 տարի անցկացրել է բանտերում: 1970-ականներից Իսմայիլ Բեշիկչին բազմիցս գրել է նաև Հայոց ցեղասպանության մասին: Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ուսումնասիրություններով նա ամրագրել է երկու հիմնական տեսություններ: Առաջինն այն է, որ քուրդ-թուրքական քաղաքական մրցակցությունը ծագել է հայության ունեցվածքի, բնակելի և հողատարածքների կողոպտելու թուրք ազգaյնական ծրագրի պատճառով, և որ այդ պատճառով թուրք-քրդական խնդիրը կլուծվի միայն այն ժամանակ, երբ կլուծվի հայկական հարցը:
Եվ երկրորդը' Հայոց ցեղասպանությունը ողջ Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդների բնաջնջման թուրք ազգայնական նախագծի կարևոր մասն է եղել: «Իմ ուսումնասիրությունների ընթացքում ես եկել եմ այն եզրակացության, որ պետություն չունեցող ազգերն են միշտ ցեղասպանության ենթարկվել: Այսօր մենք այցելեցինք Ծիծեռնակաբերդ' Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ինստիտուտ, և իմ կոչը ցեղասպանությունն ուսումնասիրող բոլոր ինստիտուտներ ին այն է, որ ուսումնասիրեն այս հարցը»,- ասաց թուրք մտավորականը' հավելելով, որ եթե հայերի ցեղասպանության հանցագործությունը ժամանակին պատժվեր, քրդական հարցն այսքան չէ բարդանա:
«Արևմտահայոց ազգային համագումարը» Բեշիկչիի հետ Հայաստան է հրավիրել նաև Թուրքիայում հայտնի իրավաբան, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ակտիվիստ և քուրդ քաղաքական գործիչ Օսման Բայդեմիրին, որը 1999 թվականից եղել է Օջալանի փաստաբանը, իսկ 2004-2014 թվականներին՝ Դիարբեքիրի քաղաքապետը: Այս երկու գործիչներին ուղեկցում են «Իսմայիլ Բեշիկչի» հիմնադրամի խորհրդի նախագահ Ռուսան Արսլանը, այդ հիմնադրամում հայկական հարցը համակարգող, երիտասարդ գիտաշխատող Կադըր Քաչանը, Իսմայիլ Բեշիկչիի օգնական Նուրհան Յիլմազը, Թուրքիայում ազգա յին փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող կին ակտիվիստ Նուրկան Կայանը, ծպտյալ հայ Թուրքայ Աբդուլգաֆուրը, որը կրոնադարձ է եղել և Դիարբեքիրում այսօր կազմակերպում է հայացող համայնքը: