Արտահերթ ընտրություններն ու իշխանափոխությունը պատվերով համերգ չեն, որ ով, երբ ցանկանա, իրականացնի: Դրա իրականացման համար պետք են մեխանիզմներ, որոնք եռյակի ու նրա ղեկավարների առաջարկած տեսլականում չեն երևում:
Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում տեսակետ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Իշխանափոխությունը մեր երկրում և ցանկացած երկրում կարող է լինել միայն ժողովրդի կամքով համապետական ընտրությունների միջոցով, մեր դեպքում' 2.5 տարի հետո' 2017-ին պառլամենտական ընտրությունների ժամանակ»,-ասաց նա:
Շարմազանովի խոսքով' իշխանական մեծամասնությունն իր դիրքորոշումն ու ծրագրերը չի փոխել եռյակի' հոկտեմբերի 24-ի հանրահավաքից և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո: «Միշտ էլ նույն կարծիքն է եղել իշխանությունների մոտ: Ցանկացած օրինական միջոցառում դրական ենք գնահատում, ցանկացած անօրինական երևույթ լինի ընդդիմության, իշխանության, թե այլընտրանքի կողմից ընդունելի չէ:
Իշխանությունը ինչպես մինչ հոկտեմբերի 24-ն ունեցել է իր օրակարգը, այդպես էլ դրանից հետո գնում է իր օրակարգով, որում ներառված են լայն բարեփոխումներ, որի արդյունքում ցանկանում ենք հասնել մեր հասարակության առջև ծառացած խնդիրների օր առաջ լուծմանը, թե որքան հնարավոր կլինի, ցույց կտա ժամանակը: Ի տարբերություն ընդդիմության' իշխանությունը չունի գործիք, որի անունն է պոպուլիզմ ու դեմագոգիա: Իշխանությունները պետք է ավելի կոնկրետ ու փաստաթղթային գործեն: Այդպես էլ արվել է' 2015 թվականի բյուջեի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի դատին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց ԱԺ փոխխոսնակը:
Հարցին ի պատասխան, թե արդյոք, իշխանությունները պատրաստ են եռյակի հետ երկխոսել' Շարմազանովն ասաց, որ ներկայում էլ այդ երկխոսությունն առկա է: «Ո՞վ է ասում, որ երկխոսություն չկա: Ցանկացած առողջ առաջարկ, որը կարող է մեր տեսանկյունից մեր ծրագրերին համահունչ դիտվել, որը կբերի պետության ու հասարակության առջև ծառացած խնդիրների լուծմանը, մենք պատրաստ ենք քննարկել:
Պարզապես միգուցե պատկերացումներն են տարբեր: Այն, ինչ մեր գործընկերների մոտ համարվում է իրատեսական, մեզ համար կարող է անիրատեսական լինել: Ես մինչև հոկտեմբերի 24-ը որևէ կոնկրետ ծրագր ային առաջարկ չեմ լսել ու նույնիսկ այդ հանրահավաքներում չեմ լսել ծրագրային գաղափարական կետեր»,-շեշտեց Էդուարդ Շարմազանովը:
Նա նաև հավելեց, որ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ կան, որոնց շուրջ ընդդիմությունը, այլընտրանքն ու իշխանական մեծամասնությունը քվեարկում են նույն կերպ, գնում են փոխզիջումների: «Երկխոսությունը դա է, կարծում եք' երկխոսությունն ա՞յն է, որ իշխանությունն իր ծրագիրը փոխի, ասի' ընդդիմություն ջան, ինչ ուզում ես բեր, ես անեմ, իմ ծրագիրը մի կողմ եմ դնում: Սա ոչ դեմոկրատիա է, ոչ էլ այլ բան»-եզրափակեց նա:
Հոկտեմբերի 24-ին ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀԱԿ կուսակցություններն Ազատության հրապարակում անցկացրին եռյակի արդեն երկրորդ հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: