Հայաստանի կառավարությունը պատրաստվում է 2015 թվականին ՀՀ բոլոր մարզերն ապահովել Ճգնաժամային կառավարման կենտրոններով: Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում' 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

 

«2012 թվականից գործում է Ճգնաժամային կառավարման կենտրոնը, ողջ տեղեկատվությունը ստանում ենք: Մարզերում ևս նման կենտրոններ ենք հիմնում: Լոռիում աշխատանքներն ավարտել ենք, Ղարաբաղում շուտով կավարտենք, Սյունիքում, Գեղարքունիքում աշխատանքներ են տարվում: 2015-ին բոլոր մարզերում կունենանք ճգնաժամային կառավարման կենտրոններ:

 

Սա նշում եմ, քանի այդտեղ ևս օգտագործվելու են ինտերնետ, տեխնիկական միջոցներ ու այստեղ էլ գումարներ են պետք գալու: Իհարկե, համագործակցելու ՄԱԿ-ի անդամ երկրների և այլ գերատեսչությունների հետ' կարողանում ենք տեխնիկական հագեցվածության հարցը կարգավորել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' տեղեկացրեց ԱԻ նախարարը:

 

Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2015 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսված է տրամադրել 11 միլիարդ 203 միլիոն դրամ, որից 89.5 տոկոսը բաժին է ընկնում աշխատավարձերին, իսկ մնացած գումարները բաժանվել են ըստ ծառայությունների: Արմեն Երիցյանի խոսքով' որոշ ծառայություններ իրականացնելու մասով իրենց պահանջարկը եղել է ավելին, քան նախատեսվել է հաջորդ տարվա բյուջեի նախագծով:

 

«Տրանսպորտային նյութերի հետ կապված մեր պահանջարկը եղել է մոտ 546 միլիոն դրամ, մեզ տրամադրվել է 255 միլիոն դրամ: Պետք է նշեմ, որ միայն 911 ծառայությունում օրական ստանում ենք 6-8 հազար զանգ, յուրաքանչյուր զանգի հետևում կանգնած է մարդ, ում համար մենք պատասխանատվություն ենք կրում: Մեր տրանսպորտային միջոցները շատ են երթևեկում»,-ասաց նախարարը' ավելացնելով, որ իրենք շատ գործառույթներ կատարում են միջազգային համագործակցության արդյունքում ձեռք բերվող միջոցների հաշվին:

 

Խոսելով տարբեր երկրների հետ համագործակցության մասին' Արմեն Երիցյանը նշեց, որ լուրջ աշխատանք ենք տանում Շվեյցարիայի իրենց գործընկերների հետ, որի արդյունքում հրշեջները վերապատրաստում են անցել ու արդեն հրշեջ-փրկարարներ են: «78 հրշեջ-փրկարարական ստորաբաժիններ շվեյցարական նորագույն տեխնիկայով ենք համալրելու: Ճապոնիացի գործընկերների հետ աշխատում ենք սողանքային տարածքների, ինչպես նաև սեյսմիկ ծառայության ուղղությամբ:

 

Ինչպես գիտեք, ՀՀ տարածքի 4.1 տոկոսը սողանքային են: Համագործակցության արդյունքում 2.5 միլիոն դոլարի սարքավորումներ են նվ իրում մեզ ճապոնացի գործընկերները: Ռուսաստանի մեր գործընկերներն էլ 12.5 միլիոն դոլարի սարքավորումներ կուղարկեն Հայաստան համատեղ ծրագրի իրականացման նպատակով»,-նշեց նախարարը:

 

Արմեն Երիցյանը շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ ընթացիկ տարվա կեսից բարձրացավ փրկարարների աշխատավարձը: