Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առիթով Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանատները պատերազմի զոհերի ոգեկոչման և մի շարք այլ խորհրդանշական միջոցառումներ կանցկացնեն Հայաստանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լինչը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
«Չորս տարի տևած պատերազմը 16 միլիոն մարդկանց կյանք խլեց: 9 միլիոնը զինվորներ էին, 7 միլիոնը խաղաղ բնակիչներ, որոնց թվում էին նաև Օսմանյան կայսրությունում տեղահանությունների և կոտորածների արդյուքում զոհված 1.5 միլիոն հայերի»,- ասաց դեսպան Քեթրին Լինչը:
«Պատմական այդ իրադարձությունները հիրավի ողբերգական էին և մեզ բոլորիս մտածելու տեղիք են տալիս: Նոյեմբերը մեզ համար հիշատակի ամիս է: Մեծ Բրիտանիայի ժողովրդի համար նոյեմբերի 11-ն է հիշատակի օր, մեզ համար'նոյեմբերի 16-ը, որի ժամանակ ոգեկոչում ենք նաև ազգային սոցիալիզմի զոհ դարձած մարդկանց հիշատակը: Մեր կազմակերպած միջոցառումների առանցքային նպատակն է ցույց տալ, որ պատմությունից քաղած դասերի շնորհիվ այսօր մենք Եվրոպայում ունենք բոլորովին այլ իրավիճակ»,- իր հերթին հավելեց Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:&n bsp;
Միջոցառումների ծրագրով հոկտեմբերի 31-ին նախատեսվում է այցելություն Գյումրու անգլիական և գերմանական թեքումով դպրոցներ, ուր աշակերտների հետ միասին դեսպանները Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը խորհրդանշող կակաչներ կտնկեն: Նոյեմբերի 10-ին Անգլիկան և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները համատեղ պատարագ կմատուցեն Երևանի սուրբ Զորավոր եկեղեցում: Իսկ նոյեմբերի 11-ին' Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի օրը, կրկին սուրբ Զորավոր եկեղեցում զոհերի հիշատակին նվիրված ժամերգություն կլինի Անգլիկան և Գերմանական բողոքական եկեղեցու ներկայացուցիչների առաջնորդությամբ:
Այնուհետև Գերմանիայի դեսպանատան հրավերով Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչները նոյեմբերի 16-ին կայցելեն Երևանում Գերմանիայի դեսպանատուն: Նոյմեբերի 21-ին կլինի բրիտանացի և գերմանացի դաշնակահարների մրցույթ:
Միջոցառումների ծրագիրը կամփոփվի դեկտեմբերի 5-ին, Սուրբ ծննդյան խաղաղության ֆուտբոլային խաղ կանցկացվի երկու դեսպանատների աշխատակիցների մասնակցությամբ, որը կխորհրդանշի Առաջին աշխարհամատրի տարիներին գերմանացի և բրիտանացի ֆուտբոլիստների միջև կայացած խաղը: