Եռյակում խառը վիճակ է: Ներքին հակասությունները փորձում են քողարկել, սակայն ակնհայտ է, որ դրանք շատ են ու խորքային' այնքան, որ անգամ երեք կուսակցությունները չեն կարողանում հստակեցնել առաջիկա հանրահավաքի օրը. հրապարակային հարցազրույցներում, ասուլիսներում գործիչներից յուրաքանչյուրը նշում է իր պատկերացրած օրակարգն ու առաջնահերթությունները:

 

Սոդոմգոմորային այս խառնաշփոթի մեջ երեկ ուշագրավ հայտարարություն է արել ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Մինչ նրա հարցազրույցին անդրադառնալը՝ նկատենք, որ Մելքումյանը գրեթե միշտ աչքի է ընկնում զուսպ ու հավասարակշիռ հայտարարություններով ու երբեք չի հայտնում տեսակետ, որը համաձայնեցված չէ կուսակցական ղեկավարության հետ:

 

Ահա, Մելքումյանն երեկ հարցազրույց է տալիս խիստ հեղինակավոր ու ռեյտինգային «Ազատություն» ռադիոկայանին ու բառացիորեն ասում է հետևյալը. «Քաղաքական օրակարգի անկյունաքարը, այո՛, արտահերթ խորհրդարանական ընտրությունն է... Մենք գտնում ենք, որ եռյակն է որոշում՝ այս փուլում պետք է այնպիսի մի ճանապարհով գնալ, որտեղ ցնցումային, բարիկադային մայդանային իրավիճակներ չեն ստեղծվի»:

Այս պահին չենք կարող հաստատապես պնդել, որ ԲՀԿ պատգամավորն արտահայտում է ամբողջ Եռյակի տեսակետը:

Սկզբունքորեն, նման բան չի էլ կարող լինել, որովհետև միասնական տեսակետ ասվածն ուղղակի գոյություն չունի: Վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը դարձյալ նույն շեշտադրումն էր անում ու նույնիսկ ժամկետ էր մատնանշում՝ ասելով, որ միչև ապրիլի 24-ը այս իշխանությունները պետք է հեռացած լինեն:

 

Ուրեմն, ընդունենք, որ Միքայել Մելքումյանն արտահայտում է ԲՀԿ կարծիքն ու արձանագրենք նաև, որ Եռյակի մյուս երկու կուսակցությունները դրան կարող են համաձայնել կամ ոչ, մնալ հանրահավաքային հարթակում կամ հեռանալ, սակայն ֆորմատի առանցքային կուսակցության դիրքորոշմանն ընդդիմանալ չեն կարող:

Ինչևէ, ԲՀԿ այս առաջարկը դուրս է հեղափոխական սցենարներից ու տրամաբանությունից ու, ըստ էության, մեսիջ է իշխանությանը, որ ԲՀԿ-ն պատրաստ է երկխոսության ու փոխզիջումների:

 

Հանրապետականներն ասում են, որ այս պահին խորհրդարանական արտահերթ ընտրություներ անցկացնելու քաղաքական և իրավական հիմքեր չկան, ու ֆորմալ առումով նրանք ճիշտ են: Սահմանադրության 74-րդ հոդվածը մանրամասն նկարագրում է, թե ո’ր դեպքերում խորհրդարանը կարող է արձակվել:

 

Եթե նույնիսկ անհավանական մի սցենարով երեք խմբակցությունների բոլոր պատգամավորները մանդատները վայր դնեն, հանրապետական մեծամասնությունը կարողանում է քվորում ապահովել ու օրենքներ ընդունել, ասել կուզի՝ օրենսդիր մարմնի աշխատանքը կաթվածահար չի լինում:

 

Տեսական մի տարբերակ, իհարկե, կա. եթե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տա, ու նոր կառավարության ծրագիրը երկու անգամ չհաստատվի, նման բան հնարավոր է: Բայց այդ հնարավորության կայացման ճանապարհին «եթե»-ները շատ-շատ են:

 

Նախ՝ այս պահին կառավարության հրաժարականի հարցը հասունացած չէ, երկրորդ՝ փողոցում չի հավաքվել այն հեղափոխական զանգվածը, որը կհանգեցնի խորհրդարնական մեծամասնությունից կամ իշխանությունից մարդկային արտահոսքի: Չեմ տեսնում նաև արտաքին գործոն, որը ստիպի իշխանությանը գեներացնել ֆորսմաժորային վիճակ. ղարաբաղյան գործընթացում նույնիսկ կայունացման միտումներ են նկատվում, իշխանության այսօրվա կոնֆիգուրացիան, մեծ հաշվով, ձեռնտու է թե’ Մոսկվային, թե’ Բրյուսելին ու Վաշինգթոնին:

 

Ըստ այդմ, հետևությունը պարզ է. ԲՀԿ առաջարկի բովանդակությունն այնքան էլ էական չէ: Ավելի կարևոր է այն, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին հասկացնում է, թե նրա հրաժարականը չի պահանջում, այլ ուզում է հենց նախագահի մակարդակով պայմանավորվածությունների հանգել ԲՀԿ հետագա կարգավիճակի, նոր իշխանության ներսում ունենալիք դերակատարության հարցում: ԲՀԿ-ն, որպես պայմանավորվածությունների երաշխիք, առաջ է քաշում նոր խորհրդարանի ձևավորման անհրաժեշտությունը, որում կուսակցությունը կունենա պատկառելի ներկայություն:

 

ՀՀԿ-ի «ոչ»-ն էլ պինդ «ոչ» չէ. նրանք ասում են՝ այո’, կողմ են բանակցություններին ու համաձայնությանը, սակայն դա պետք է լինի փաթեթային ու վերաբերի ոչ թե առանձին դրվագի, այլ 2017-2018թթ-ի ողջ փաթեթին, այդ թվում՝ ընտրական գործընթացին ու սահմանադրական ռեֆորմին:

 

Սուրեն Սուրենյանց