
«Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանը կներկայացնի ռոք երգիչ Գոռ Սուջյանը։ Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ Հայաստանի հանրային հեռուստաընկերության աղբյուրներից։
Որոշման մասին պաշտոնական հաղորդագրությունը կլինի առաջիկա ժամերին։ Եվրատեսիլում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Tert.am-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց այդ տեղեկատվությունը, այնուամենայնիվ, խոստանալով այդ մասին կոնկրետ տեղեկություն ունենալու դեպքում մեկնաբանություն տալ մեզ։
Գոռ Սուջյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր ժամը 9-ին պարզ կլինի, և մինչ այդ ոչինչ չի ուզում մեկնաբանել։
Նշենք, որ ավելի վաղ շրջանառվում էր «Եվրատեսիլում» Սիրուշոյի մասնակցության հնարավորության հարցը։
Ավելին, «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը՝ Eurovision.tv-ն հայտնել էր, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը այժմ 2013-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթի իր մասնակցին ընտրելու գործընթացի մեջ է։ «Համառորեն շրջանառվում են լուրեր, որոնց համաձայն «փոքր կովկասյան երկիրը կարող է ներկայացնել Սիրուշոն»,- հայտնում էր կայքը։
Նշենք նաև, որ Գոռ Սուջյանը վերջերս «Մենք ենք մեր հայերը» հաղորդման ամանորյա թողարկման ժամանակ հայտարարել էր, թե «Դորիանս» խմբի փլուզման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, իրենք ուղղակի ժամանակավոր դադար են վերցրել՝ «relax-ի համար»: Գոռը, սակայն, չէր հերքել, թե այլևս չեն աշխատում իրենց պրոդյուսերի հետ՝ խոստանալով առաջիկայում կոնկրետ անդրադառնալ այդ հարցին։
Հայաստանն առաջին անգամ «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցել է 2006թ,-ին, Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Հայաստանը այնտեղ ներկայացրել է երգիչ Անդրեն «Without your love» երգով, և եզրափակիչ փուլում գրավել է 8-րդ տեղը: «Anytime You Need» երգով 2007թ.-ին հանդես է եկել Հայկոն և նույնպես գրավել 8-րդ տեղը: 2008-ին Սիրուշոն իր «Քելե-քելե» երգով գրանցել է մինչ այժմ Հայաստանի համար գրանցված ամենաբարձր արդյունքը՝ 4-րդ տեղը: Հաջորդը Ինգա և Անուշ Արշակյաններն են ներկայացրել Հայաստանը և «Ջան Ջան» երգով գրավել 10-րդ տեղը: «Apricot Stone» կատարմամբ 2011թ.-ին հանդես է եկել Եվա Ռիվասը և զբաղեցրել 7-րդ տեղը: «Եվրատեսիլ» մրցույթի մեր վերջին մասնակիցը Էմմին էր, ով իր «Boom Boom» երգով մասնակցել է միայն կիսաեղրափակիչ փուլին: