«Ես կարծում եմ, որ հետարձագանքման մոնիթորինգը ձեր հիմնական ֆունկցիաներից պիտի լինի: Այսինքն՝ դուք գնում եք ահազանգի հետևից, դրանից հետո չգիտեք՝ ահազանգն ինչով ավարտվեց: Ինձ համար դա անհասականալի դիտարկում է»,- այսօր ԱԺ-ում՝ 2015-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ դիմելով ՄԻՊ-ի ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանին, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը Խաչատրյանին ուղղեց երկու հարց. «Դուք պիտի ունենանք մոնիթորինգ, թե ձեր միջամտությունների արդյունքում բռնությունները, խոշտանգումները որքանով են նվազել, այդ հարցը խնդրում եմ պարզաբանել»:
ԲՀԿ-ական պատգամավորի երկրորդ հարցն ուղղված էր արագ արձագանքման դեպքերին.
«Ասացիք, որ նախատեսում եք ավելի քան 200 արագ արձագանքում: Ես հասկանում եմ, որ դուք կարող եք ծրագրել, բայց դուք չեք կարող կանխատեսել, թե ինչքան կլինի: Ինձ համար անհասկանալի է՝ ոնց կարող եք կանխատեսել, օրինակ, 2015 թվականին արագ արձագանքման համար 222 դեպքով կդիմեն, թե, ասենք, 2 200 000 դեպքով: Ինչպես է հնարավոր մոնիթորինգ չանել: Օմբուդսմենի գրասենյակի հիմնական ֆունկցիաներից մեկը պիտի լինի հետայցային մոնիթորինգը, թե ձեր աշխատանքի արդյունքում ավելացել է, նվազել է, թե մնացել է նույնը»,- խնդրեց պարզաբանել Զոհրաբյանը:
Ի պատասխան՝ ՄԻՊ ներակայացուցիչը նշեց. «Մենք ունենք 100 տոկոսանոց արդյունք ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակների հետ կապված: Սա համակարգային խնդիր էր. խցերում տեղադրված էին նառ կոչված մահճակալները՝ շղթայով պատին ամրացված մետաղյա հարմարանքները: Պաշտպանն այն կարծիքը հայտնեց, որ համաձայն ՄԱԿ-ի՝ խոշտանգումների դեմ կոնվենցիայի սա կարող է համարվել անմարդկայնին, կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Մենք կարողացանք ՊՆ-ի հետ աշխատանքի արդյունքում հասնել նրան, որ բոլոր խցերում այդ նառերը փոխարինվել են նորմալ մահճակալներով»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Տեսանյութը՝ 1in.am-ի