Մամուլում լուրեր տարածվեցին, որ ոչ իշխանական եռյակի առաջնորդները չեն կարողանում համաձայնության գալ հաջորդ հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի շուրջ: Ըստ պայմանավորվածության՝ հաջորդ հանրահավաքին հիմնական ելույթով պետք է հանդես գա հենց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նրա ելույթի հետ կապված մտավախություններ ունեն: Հաշվի առնելով Ր. Հովհաննիսյանի անկանխատեսելի բնույթը՝ առաջնորդներն ուզում են, որ ելույթը եռյակի առաջնորդների մակարդակով համաձայնեցվի: Այս գաղափարը Րաֆֆի Հովհաննիսյանի սրտով չէ, և կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ: Թերևս դա է պատճառը, որ հաջորդ հանրահավաքի օրը մինչև հիմա չի հայտարարվում:

 

Լուրեր.com-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով հերքեց մամուլում տարածված լուրերը` դրանք որակելով հերյուրանք:

 

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Դա բացարձակ հերյուրանք է: Բացարձակ կոռեկտ չէ, որ լիդերները մեկը մյուսին տրամադրեն իրենց ելույթները, նման ավանդույթ չկա և վստահաբար չի լինելու»,- ասաց Զոհրաբյանը:

 

 

Լուսանկարը՝ PanArmenian-ի