Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է շարունակել խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ՝ հաշվի առնելով այն պարտավորությունները, որոնք Հայաստանն ունենալու է Եվրասիական տնտեսական միությունում, որպեսզի հակասություններ չառաջանան: Այս մասին Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման և ֆինան սավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննակման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Սա նշանակում է հստակեցնել այն շրջանակը, որտեղ մենք ազատ ենք գործել: Խոսքը գնում է առևտրատնտեսական հարաբերություններին, որպեսզի այդ ուղղությամբ արդեն նոր ձևաչափով մենք շարունեկենք մեր համագործակցությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը:

 

Ինչ վերաբերում է մնացած ոլորտներին՝ ժողովրդավարության, իրավապահ, դատական համակարգի, կրթության բարեփոխումներին՝ Հայաստանն այս ուղղություններով ակտիվորեն շարունակելու է համագործակցությունը և խորացնելու է:

 

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն հարցին, թե հստա՞կ են արդյոք այն ուղղությունները, որտեղ Հայաստանը կարող է ազատ շարունակել իր համագործակցությունը ԵՄ-ի հետ, ԱԳ փոխնախարարը նկատեց, որ այդ հարցի պատասխանը նոր միայն կարող է տրվել, քանի որ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը նոր է ստորագրել: «Ճիշտ է պայմանագիրը դեռ ուժի մեջ չի մտել, սակայն տեքստն արդեն կա: Ավելին, արդեն պատասխան կարելի է ստանալ Աստանայում մայիսին կնքված Եվրասիական տնտեսական միության ձևավորման պայմանագրին ծանոթանալով: Դրան գումարվում է նաև մեր պայմանագիրը, որն անցումային դրույթներ և բացառություններ է պարունակում:

 

Այսինքն, քանի որ այս ամբողջ փաստաթղթերը կան, այսօր արդեն փորձագետները, մասնագետները պարտավոր են ուսումնասիրել դա և հստակ նշել այն շրջանակը, որտեղ Հայաստանը, իր պարտավորություններից ելնելով, այս գծից ավելի չի կարող անցնել: Այս պահին ես մասնագետ չեմ, որ հստակ ներկայացնեմ ԵՄ-ի հետ մեր հետագա համագործակցության շրջանակը: Բացի այդ, աշխատանքն ընթացքի մեջ է, և ես արդյունքների մասին չեմ կարող խոսել»,- նշեց Քոչարյանը: