Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ առողջապահության նախարարությունն «Արտոնագրային վճարների մասին» օրենքի հետ կապված առաջարկներով պաշտոնական փաստաթուղթ էր ուղարկել ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին:

Ֆինանսների մամուլի քարտուղար Իրինա Այվազյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ փաստաթուղթը նախարարությունում արդեն քննարկվել է. «Վերջնական որոշումը կկայացվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Կան որոշակի հարցեր, որոնք դեռ քննարկման անհրաժեշտություն ունեն: Դրանք էլ կավարտենք և մեր վերջնական դիրքորոշումը և որոշումը կհայտնենք»:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության փաստաթղթում՝ որպես խնդրի լուծում, առաջարկվում է արտոնագրային վճարի ելակետային տվյալ չդիտարկել ստոմատոլոգիական պոլիկլինիկաների և կենտրոնների ռենտգենաբանական բազկաթոռները, ատամնատեխնիկական լաբորատորիաների աշխատատեղերը, մանկական ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար նախատեսված բազկաթոռները, հանրապետության բժշկական ուսումնական հաստատությունների համար ուսումնական բազա հանդիսացող ստոմատոլոգիական կենտրոններում ուսումնական պրոցեսի համար առանձնացված ստոմատոլոգիական բազկաթոռները, ինչպես նաև առաջնակի զննման կաբինետի բազկաթոռը:

Առանձին իրավաբանական անձ հանդիսացող մասնագիտացված ատամնատեխնիկական լաբորատորիաների մասով առաջարկվում է արտոնագրային վճարի ելակետային տվյալ դիտարկել հրամանագրված ատամնատեխնիկին: