«Նաիրիտ» գործարանի մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր ենթահանձնաժողով կստեղծվի: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեց եւ դրական եզրակացություն տրվեց համապատասխան առաջարկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նախագծի համահեղինակներ են ՀՅԴ- ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն»-ը: Նախագիծը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող են ստեղծել ենթահանձնաժողով եւ քննարկել «Նաիրիտ»-ի հարցը, եթե անգամ հայտնի չէ, թե ով է սեփականատերը: Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ նաեւ այդ նպատակով են ստեղծում ենթահանձնաժողովը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ Հայաստանում գտնվող ամեն բանի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է:
Հանձնաժողովի անդամների մածամասնությունը կողմ քվեարկեց «Նաիրիտ» գործարանի մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր ենթահանձնաժողով ստեղծելու մասին առաջարկին: Ենթահանձնաժողովը բաղկացած կլինի 10 անդամից. դրա աշխատանքներին կմասնակցեն խորհրդարական բոլոր խմբակցությունների պատգամավորները: