Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության այցն Ադրբեջան չեղյալ է հայտարարվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Report-ը' հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովի մամուլի ծառայությանը:
Այցի չեղյալ հայտարարվելու պատճառը հայտնի չէ: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը ծրագրել էր Ադրբեջան այցելել նոյեմբերի 13-14-ը: Այցի նպատակը ոչ կառավարական կազմակերպությունների մասին Ադրբեջանի օրենսգրքում վերջերս արված փոփոխությունների վերաբերյալ եզրակացություն պատրաստելն էր:
Ավելի վաղ նշվել էր, որ Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքի վերաբերյալ եզրակացության նախագիծը պետք է ներկայացվի Վենետիկի հանձնաժողով' այս տարվա դեկտեմբերին տեղի ունենալիք լիագումար նիստում ընդունելու համար:
Ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքներում կատարված փոփոխութուններով Ադրբեջանում սահմանափակվել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահման իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության շրջանակները: