Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն Էբոլա տենդի բուժման համար առաջարկված նոր պատրաստուկների թվում չեն գտել բավականաչափ արդյունավետ միջոցներ:
ԱՀԿ-ի գիտատեխնիկական կոնսուլտատիվ կոմիտեն վերանայել Է կլինիկական փորձարկումների անցկացման մեթոդները՝ հաշվի առնելով առկա ենթակառուցվածքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Կոնսուլտատիվ կոմիտեն նոյեմբերի 11-12-ին անցկացրել է հերթական նիստը, որը նվիրված Էր նոր միջոցներով էբոլա վիրուսի բուժմանը: Փորձագետները քննարկել են 127 պատրաստուկ եւ եկել այն եզրակացության, որ ներկայում Արեւմտյան Աֆրիկայում չկան բավարար չափով մասնագիտացված լաբորատորիաներ, որտեղ հնարավոր լիներ թեստավորել բոլոր դեղամիջոցները: Բացի այդ, կենդանիների վրա կատարված նախնական թեստերը դեռեւս ցույց չեն տվել, թե դրանցից որեւԷ մեկը արդյունավետ է եղել:
«Մենք այժմ չունենք այնպիսի մի պատվաստանյութ, որն արդյունավետ լինի… Կենդանիների վրա կատարված թեստերի տվյալները ներկայում շատ թույլ են: Եվ մենք պետք Է առավելագույն զգուշություն ցուցաբերենք մարդկանց նկատմամբ»,-ամփոփելով Ժնեւի հանդիպման արդյունքները՝ լրագրողներին հայտարարել Է Մարտին Ֆրիդեն՝ ԱՀԿ-ի հանրային առողջապահության, ինովացիաների եւ ինտելեկտուալ սեփականության բաժանմունքի փորձագետը:
Կոմիտեն նաեւ հաստատել Է հետագա կլինիկական փորձարկումների անհրաժեշտությունը մի շարք պատվաստանյութերի համար, որոնք դրսեւորել են Էբոլայի դեմ իրենց արդյունավետությունը կապիկների վրա թեստավորում կատարելիս եւ կարող են արտադրվել բավարար քանակությամբ: Դրանք են՝ ճապոնական ֆավիպիրավիրը, ամերիկյան բրինցիդոֆիվիրը եւ ինտերֆերոնները:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Էբոլա տենդի դեմ պայքարի հարցերով հատուկ պատվիրակ Դեւիդ Նաբարոն հայտարարել է, որ Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութերը՝ դրանց փորձարկումների հաջող ավարտման դեպքում, կիրառման համար պատրաստ կլինեն 2015 թվականից ոչ շուտ: Ներկայում, Նաբարոյի խոսքով, ընթանում է հեռանկարային երկու պատվաստանյութերի փորձարկումների առաջին փուլը: Եթե հետագա թեստերը հաջողությամբ ավարտվեն, դեղամիջոցն ամենակարճ ժամկետում կուղարկվի կարիքավորներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ Էբոլա տենդից մահացածների թվաքանակը գերազանցել է 5 հազարը: ԱՀԿ-ի՝ նոյեմբերի 9-ի տվյալներով, վիրուսից առավել տուժած արեւմտաաֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, մահացել է 5147 մարդ:
Ընդամենը վիրուսի զոհ է դարձել արդեն 5160 մարդ: Դրանով վարակվել է 14 հազար 98 մարդ: Էբոլայով հիվանդացածների թվի կտրուկ աճ է դիտվել Սիեռա Լեոնեում, որտեղ նոյեմբերի 9-ին նախորդած շաբաթվա ընթացքում հիվանդությունը հաստատվել է 421 մարդու մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: