Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր կոմիտեն Էբոլա տենդի մահացու վիրուսի դեմ պայքարի հարցերին նվիրված հատուկ նստաշրջանում որոշել է ստեղծել հատուկ հիմնադրամ եւ ձեւովորել առողջապահության ոլորտի գլոբալ մարտահրավերներին արագ հակազդելու խումբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ որոշումն ամրագրված է ԱՀԿ-ի գործկոմի հատուկ նստաշրջանի մասնակից երկրների կողմից ընդունված ամփոփիչ բանաձեւում: Սպասվում է, որ հիմնադրամի աշխատանքի վերջնական ձեւաչափը կհաստատվի Առողջապահության համաշխարհային ժողովում, որը տեղի կունենա մայիսին:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը, Ժնեւում ելույթ ունելալով հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, կարծիք է հայտնել, որ «մեկնարկային լավ գումար» կլինի 100 մլն դոլարը: Նա նշել Է, որ դրանից 10 մլն դոլարն արդեն խոստացել է տրամադրել Մեծ Բրիտանիան:
Հիմնադրամի ստեղծման որոշումն ընդունվել է Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարում դանդաղկոտություն դրսեւորելու վերաբերյալ բազմաթիվ կշտամբանքներից հետո:
«ԱՀԿ-ի անդամներն այսօր հավաստեցին, որ իրենք իրապես հասկանում են, որ աշխարհին անհրաժեշտ է առողջության պաշտպանության հավաքական մեխանիզմ: Էբոլան ողբերգություն է, որն աշխարհին եւ, մասնավորապես, ԱՀԿ-ին շատ դասեր տվեց: Այլեւս երբեք աշխարհը չպետք է հանկարծակիի գա եւ հայտնվի անպատրաստ վիճակում»,- հավելել է Չենը:
ԱՀԿ-ի գործկոմի հատուկ նստաշրջանը հունվարի 25-ին տեղի է ունեցել Ժնեւում: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, դրան մասնակցել է նաեւ վարակվելուց հետո ապաքինված բուժքույր Ռեբեկա Ջոնսոնը Սիեռա Լեոնեից, ով հայտարարել է, որ «Էբոլան բնավ Էլ աշխարհի վերջը չէ եւ նրան կարելի է հաղթել»: