Նոյեմբերի 13-ին Սյունիքի մարզային գրադարանում «Երիտասարդ ընտանիքների ակումբ» հասարակական կազմակերպության և գրադարանի սպասարկման բաժնի անձնակազմի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր Վանյանների բազմազավակ ընտանիքի մեծարման ցերեկույթ: Միջոցառմանը ներկա էին «Ազատամարտ կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Խորեն Հարությունյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, ընտանիքի մտերիմներ: Սյունիքի մարզային գրադարանի աշխատակցուհի Զարուհի Մանգասարյանը ներկայացրեց ընտանիքի պատմությունը, որն սկսվում է Սումգայիթի ջարդերից: Արցախյան ազատամարտում ընտանիքի հայրը' Իգոր Վանյանը կորցրել է երկու եղբայրներին և ամուսնանալով Անահիտի հետ փորձել է եղբայրներին վերագտնել իր վեց զավակների մեջ:

 

Ցերեկույթին ելույթներ ունեցան Կապանի արվեստի քոլեջի սաները, գրադարանի աշխատակցուհի Քրիստինե Վեզիրյանը ներկայացրեց մայրերին նվիրված սևակյան պոեզիան:

 

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Ոսկանյանը հանդես գալով ՀՀ Սյունիք մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունից, Վանյանների ընտանիքին փոխանցեց 100000 դրամ: