«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները.
Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ նախագահի հետ
Շվեյցարական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ին հեռախոսազրույց է կայացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Շվեյցարիայի նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի միջև։
Հեռախոզրույցի ընթացքում քննարկվել են դեկտեմբերի 4-5-ը Բազելում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։
***
Խոցված ուղղաթիռից տարհանված որոշ սարքավորումներ կենթարկվեն փորձաքննության
Ադրբեջանական օդուժի կողմից նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռը խոցելու դեպքով ծառայողական քննություն անցկացնելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Հանձնաժողովն ուսումնասիրության կենթարկի դեպքի վայրից ԼՂՀ ՊԲ հատուկ ջոկատայինների դուրս բերած որոշ սարքավորումներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հանձնաժողովի կազմում են ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քննիչներ, փորձագետներ: «Այդ ուսումնասիրությունն առաջին հերթին կատարում են մեզ համար' հասկանալու, թե ինչ է կատարվել: Ուսումնասիրության ավարտին պատրաստ ենք արդյունքները տրամադրել նաև միջազգային կառույցներին' միջազգային դատավարության իրականացման համար»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ուղղաթիռի խոցման դեպքով հարուցվել է քրեական գործ' ազգային ատելության շարժառիթով երկու և ավելի անձանց սպանության, գույքը դիտավորյալ ոչնչացնելու համար:
Սկսած նոյեմբերի 12-ից միջազգային գրեթե բոլոր կառույցներն ու դեսպաններն Ադրբեջանին մի քանի անգամ խաղաղության և մարդասիրության կոչ են արել: Խաղաղության կոչով է հանդես եկել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: Լրագրողների հարցին, թե որն է լինելու հայկական Զինված ուժերի պատասխանը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ասել էր, որ հայկական կողմը կշարունակի ջանքեր գործադրել դիվանագիտական ճանապարհով հարցը կարգավորելու ուղղությամբ:
Սակայն տասը օրվա ընթացքում հարևան երկրում չհասկացան ոչ դիվանագիտական լեզուն, ոչ մարդասիրական կոչերը և ԼՂՀ հատուկ ստորաբաժանումներն իրականացրեցին օպերացիա, որի արդյունքում տարհանվեցին Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Արցախի ռազմօդուժի ուղղաթիռը խոցվել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12ին' ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Հակառակորդը մի քանի օր շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ' չանսալով միջազգային հանրության կոչերին' դադարեցնել կրակը' մարմինների դուրսբերման հնարավորություն տալով:
Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Նոյեմբերի 25-ին «Եռաբլուր» պանթեոնում տեղի է ունեցել օդաչուների հուղարկավորությունը:
***
Խարույկներով բողոքի ակցիա' Բաքվում
Բաքվի Խաթայիի շրջանի Ջավանշիրի փողոցի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել եւ փակել փողոցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ANS հեռուստաալիքը, նրանք խարույկներ են վառել փողոցում եւ այդ կերպ բողոքել շենքերի ջեռուցումն անջատելու դեմ:
Բնակելի շենքերի ջեռուցման խնդիրներ են առաջացել նաեւ Բաքվի մի քանի շրջաններում: Պատճառն այն է, որ քաղաքի Յասամալի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ւբրահիմ Մեհտիեւի օբյեկտի շինարարության ժամանակ շրջանի ջերմամատակարարման գիծը խաթարվել է, ինչի արդյունքում 1000-ից ավելի մարդ մնացել է առանց ջեռուցման:
***
ՀՀ ԶՈւ տեսչական խումբը տեսչություն է անցկացնում Թուրքիայի տարածքում
Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում նոյեմբերի 26-28-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է անցկացնում Թուրքիայի Հանրապետության տարածքում:
Տեսչության ընթացքում կճշգրտվեն ՀՀ հետ սահմանակից զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, կստուգվեն պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, կդիտարկվեն զորամասերի սահմանագոտիները և ընդհանուր տարածքները:
***
Երկրապահն այլընտրանք չունի, Մանվելը՝ նույնպես
Հայ-ադրբեջանական վերջին օրերի լարվածությունը դարձյալ համոզիչ դարձրեց այն փաստարկը, որԵԿՄ-ն՝ հաղթանակների ծնունդ մեր կազմակերպությունը, այլընտրանք չունի: Քաղաքական ու բիզնես «վաճառականները» կարող են հազար հատ «կոոպերատիվ» միություն հիմնել՝ փքուն անուններով, ճոռոմաբանությամբ, Մանվելի վրա ցեխ արձակելու մոլոգարությամբ: Ես այդ խեղճ ու կրակ, կենսագրությունը կարած-ձևված մարդկանց հասկանում եմ. նրանք պետք է Մանվելի պես հեղինակության վրա հարձակվեն, որ ինչ-որ բանով պատմության մեջ մնան:
Բայց հերիք էր, որ սահմանին լարվածություն լինի, ու լսվեց միայն ԵԿՄ-ի, իրական Երկրապահիձայնը՝ խրոխտ, սակայն հավասարակշիռ:
Փառք մեր բանակին, բայց այն ուժեղ է՝ թիկունքին ունենալով Երկրապահի լեգենդացած քաջերին:Գեներալ Մանվելը հստակ, զինվորականի շիտակությամբ հասկացրեց, որ անհրաժեշտության դեպքում՝ հակառակորդն էլի կառերեսվի Երկրապահի հետ: Առերեսվել են, տեսել են, վկան՝ անվտանգ Արցախը, ազատագրված տարածքները:
Բայց նաև ԵԿՄ-ն այս օրերին ապացուցեց, որ բարձրացել է ֆիդայականության մակարդակից ու գործեց բացառապես պետական օրակարգի ու անհրաժեշտության սահմաններում՝ ապացուցելով, որ «հայրենասիրություն» ու «երկրապահ» բառերը հոմանիշ են:
Երկրապահն այլընտրանք չունի, Մանվելը՝ նույնպես. նա՝ Արցախի հերոսը, Վազգենի՝ մեր անմոռաց Սպարապետի ու ԵԿՄ հավերժ նախագահի արժանի ժառանագորդն է:
Սուրեն Սուրենյանց
***
Բազելում կքննարկենք նոյեմբերի 12-ի միջադեպը. Ջեյմս Ուորլիք
Բազելում նոյմեբերի 4-5-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ կքննարկվեն նոյեմբերի 12-ի միջադեպը եւ ապագայում նման բանի անթույլատրելիության համար քայլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա ասել է, որ կողմերը կքննարկեն 2015 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հարցը:
«Բազելում մենք կքննարկենք նաեւ նոյեմբերի 12-ի միջադեպը եւ այն քայլերը, որոնք պետք է նախաձեռնվեն նման բան չկրկնվելու համար», -նշել է նա:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին' ժամը 13:45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից: Ադրբեջանի ԶՈւ կողմի սադրիչ այդ միջադեպը դատապարտել են ՀՀ ԱԳՆ-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՀԱՊԿ-ը:
***
Գյումրիում թունավորվել են ընտանիքի 3 անդամները
ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 26-ին' ժամը 14.05-ին, տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղու բնակիչներ Գ. Մ.-ն, (ծնված 1994թ.) Մ. Մ.-ն (ծնված 1996թ.) և Օ. Մ.-ն (ծնված 1972թ.):
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
***
Փորձել են հրկիզել Շահեն Պողոսյանի ավտոմեքենան. Նախախորհրդարան
Ս.թ. նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, չարագործները փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի անձնական օգտագործման ավտոմեքենան: Ավտոմեքենան մասամբ է այրվել, քանի որ դեպքի վայր ժամանած հրշեջ խումբը հասցրել է մարել կրակը:
Մեքենայի վրայից պոկել են նաև «100-ամյակը առանց ռեժիմի» գրությամբ ինքնասոսնձվող պիտակը: Շահեն Պողոսյանի ավտոմեքենան կայանված է եղել Նալբանդյան փողոցի վրա՝ ԱԱԾ-ի շենքի դիմաց: Ուժեղացված մշտական հսկողության և տեսադիտարկման տակ գտնվող տարածքում նման արարքի կատարումը, որը զուգորդված է ավտոմեքենայի սեփականատիրոջ քաղաքական գործունեությունը խորհրդանշող գրությամբ պիտակը պոկելով, հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, այդ արարքի շարժառիթն անձնական չէ:
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը ընդունում է նաև այսօրինակ մարտահրավերները և հավաստիացնում, որ անկախ ամեն ինչից, Շարժումը 2015 թ. ապրիլի 24-ին ոտքի է հանելու մեր ժողովրդին և հեռացնելու է ռեժիմին:
***
«Ցանկանում ենք աշխատել ընդդիմության հետ». Հովիկ Աբրահամյան
Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ կառավարությունն ապագայում կյանքի է կոչելու բոլոր խոստումները: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ չի եղել մի կետ, առաջարկ, որոնց վերաբերյալ կառավարությունը պայմանավորվել է և չի իրականացրել:
«Մենք ոչ իշխանական ուժերի հետ խոսում ենք, բանակցում ենք, շփվում ենք, և ես համոզված եմ, որ մենք ապագայում իրականացնելու ենք այն, ինչ խոստացել ենք: Որևէ հարց չի եղել, որ մենք պայմանավորվել ենք և չենք իրականացրել: Կարող են լինել նաև առաջարկներ, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածություն ձեռք չբերենք և նպատակահարմար չգտնենք դրանք իրականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե եռյակը պահանջում է, որպեսզի կառավարությունն առաջին հերթին քննարկի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը պատրաստ է քննարկել այդ հարցը: «Նրանք նույնիսկ առաջարկել էին, որ մենք սկսենք 10-րդ կետից, և մենք դրան էլ ենք համաձայնել:
Մենք կառուցողական ենք, ցանկանում ենք աշխատել ընդդիմության հետ: Դա մեր նպատակն է, որպեսզի միասին փորձենք ճիշտ որոշումներ կայացնել, իսկ եթե իրենք չեն ցանկանում մասնակցել, չեն ուզում քննարկել, այստեղ, կարծում եմ, մենք անելիք չունենք»,- եզրափակեց Աբրահամյանը:
***
Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցը բռնություն է գործադրել դատապարտյալի նկատմամբ
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 27-ին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ քրեական հետախուզության բաժնի աշխատակիցը, իր նկատմամբ բռնություն գործադրելով, հարկադրել է ցուցմունքներ տալ իր ծանոթների կողմից բնակարանային գողություն կատարելու վերաբերյալ, ինչի արդյունքում ինքը ստորագրել և հավաստել է ոստիկանության աշխատակցի կողմից թելադրված և քննիչի կողմից արձանագրված ցուցմունքի ճշտությունը:
Կատարվում է նախաքննություն: