Եղվարդի մանկապարտեզում թունավորվածների թիվը հասել է 64-ի, որից 46-ը հոսպիտալացված են Նաիրիի բժշկական կենտրոն, 17-ը' «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը' «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 29-ին Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման տարածումը կանխելու նպատակով' ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ առողջապահության նախարարը մեկնել էր Եղվարդի տարածաշրջանի Նաիրիի բժշկական կենտրոն:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, արդյունքում ձեռնարկվել են մի շարք բուժական, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես' հիվանդների բուժման գործընթացում ընդգրկվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետները:
Նաիրիի բժշկական կենտրոնին տրամադրվել է դեղորայք, անհրաժեշտ պարագաներ, ցուցաբերվել է նեղ մասնագիտական բժշկական օգնություն և արագ արձագանքում, որի արդյունքում երեխաների մոտ այսօր նկատվում է առողջացման դրական տեղաշարժ. հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել և իրականացվել են բակային համայցեր: Արդյունքում հայտանաբերվել են նոր հիվանդներ, ովքեր ևս տեղափոխվել են հիվանդանոց:
Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է աղեստամոքսային թեթև գանգատներով 21 երեխա և կազմակերպվել է նրանց ամբուլատոր բուժումը:
Կազմակերպվել է բոլոր հիվանդների կենսաբանական նմուշների մանրէաբանական հետազոտությունները: Արդյունքում հաստատվել է դիզենտերիա:
Ուսումնասիրվել են Եղվարդի նախադպրոցական ուսումնական հաստատության պայմանները, վերցվել են սննդի, խմելու ջրի նմուշներ հիվանդության առաջացման սննդային կամ ջրային գործոնը պարզելու համար: Նմուշառումներ են իրականացվել նաև սպասարկող անձնակազմի շրջանում:
Հիվանդների տնային օջախներում իրականացվել է բժշկահիգիենիկ ուսուցում, ախտահանման աշխատանքներ' կենցաղ-կոնտակտային ճանապարհով հիվանդության հետագա տարածումը կանխելու համար:
Երեխաների առողջական վիճակը բավարար է, իրավիճակը վերահսկելի է, աշխատանքները շարունակվում են: