ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց հիվանդասենյակներով, ծանոթացավ Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին թունավորման հետևանքով Երևան տեղափոխված երեխաների առողջական վիճակին, զրուցեց նրանց հետ:
Արմեն Մուրադյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ինքը երկուժամյա պարբերականությամբ զեկուցում է իրականացվող աշխատանքների ընթացքի և հիվանդների առողջական վիճակի մասին:
Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ առկա է 67 հիվանդ, որից 48-ը հոսպիտալացվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 19-ը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է աղեստամոքսային թեթև գանգատներով 21 երեխա, կազմակերպվել է նրանց ամբուլատոր բուժումը: Նախարարը կարևորեց, որ առողջապահական բոլոր օղակներն օպերատիվ արձագանքել են ստեղծված իրավիճակին և նրանց հաջողվել է ժամանակին իրականացնել հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումներ:
Հոսպիտալացված բոլոր երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նկատվում է լավացման դրական դինամիկա: