ՀՀ բնապահպանության նախարարության՝ նոյեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.3 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 1.3 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

 

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերած նույնատիպ խախտման համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 48.6 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 227.1 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 961 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Լոռու տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերած ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման հինգ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 500 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում:

 

Անտառների վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է նույնատիպ խախտման երկու դեպք: Կազմվել են արձանագրություններ, հաշվարկվել է 75 հազար դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս: Իրականացվում են վարչական վարույթներ:

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ ձկնորսական 7 ցանց, 7.5 կգ կենդանի խեցգետին' ինչը բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ առգրավված տիրազուրկ 40 հատ (4 կգ) կարաս տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:

 

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Ընդհանուր առմամբ' ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,98 մլն դրամ գումար: