ՀՀ բնապահպանության նախարարության փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչական վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 178.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, Սյունիքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները՝ «Լեռ էքս» ՍՊԸ կողմից արտադրական կեղտաջրերով Գեղի գետի Օդաբարա վտակի աղտոտման ուսումնասիրության արդյունքում, հաշվարկել են 178.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավել են հինգ հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 7.8 կգ կենդանի խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավվել է 15 կգ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Նարեկ» ծերանոց:

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու տարածքային ստորաբաժանման կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Շիրակի ստորաբաժանման աշխատակիցները երկու տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի և Արարատի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 50 հազարական դրամի վարչական տուգանքների որոշումներ:

 

Բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մուտք է եղել 950 հազար դրամ գումար: