ՀՀ բնապահպանության նախարարության՝ հուլիսի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 680 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 193.6 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված անասունների անօրինական արածեցման գործի քննության արդյունքում, ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 10.6 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների 5 գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում, իսկ բաժնի կողմից հայտնաբերված խախտման երեք դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 183 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Արագածոտնի տարածքային և Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.4 մլն դրամ գումար: