ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից փետրվարի 13-20-ն տնկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.16 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 286.71 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես, Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 10.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված նմանատիպ երկու գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 198.21 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ վարչական տուգանքի որոշում: Առգրավված 6 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է 10 կգ (55 հատ) տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, իսկ Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 46 հատ տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 210 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 11գծամետր ձկնորսական ցանց:
Արարատի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար կայացվել է 50 հազար դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նորմերի խախտման համար կայացվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մետ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50 հազար դրամ վարչական տուգանքի որոշում, իսկ Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար կայացվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 75 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված երկու գործով ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ' ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.78 մլն դրամ: